ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե հույս ունի, որ Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության՝ այսօր կայանալիք նիստին վերջակետ կդրվի ռուս հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործին, ինչի համար Լոնդոնը մեղադրում է Կրեմլին: Երեկ բրիտանական պաշտպանական գերատեսչության՝ Պորտոն Դաունում գտնվող քիմիական լաբորատորիայի ղեկավարը Sky News-ի հետ զրույցում հաստատել էր, որ Սկրիպալները թունավորվել են «Նովիչոկ» նյարդակաթվածահարող նյութով, միաժամանակ նշել, որ իրենք չեն քննել՝ որ երկրում կարող էր արտադրված լինել: «Դրա համար անհրաժեշտ են այլ տվյալներ, այդ թվում՝ հետախուզական, որ կարող են լինել Բրիտանիայի կառավարության տրամադրության տակ»,- ասել էր լաբորատորիայի ղեկավարը:
Հղում անելով բրիտանական կողմի հայտարարություններին՝ Պուտինը պնդել է, թե Արևմուտքը անհիմն մեղադրանքներ է հնչեցնում Ռուսաստանի հասցեին, և կրկին վստահեցրել, թե թունավոր այդ նյութը կարող էր արտադրվել 20 երկրներում: