Սիրիական ճգնաժամի քննարկման օրակարգով Անկարայում եռակողմ հանդիպման արդյունքում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահները համատեղ հայտարարությամբ ընդգծում են «ամուր և անսասան հավատարմությունը Սիրիայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»:
Սիրիական ճգնաժամի հարցում տրամագծորեն հակառակ դիրքորոշումներ ունեցող երեք երկրների նախագահները ՄԱԿ-ի անդամ պետություններին և միջազգային կազմակերպություններին կոչ են անում մեծացնել Սիրիային հատկացվող հումանիտար օգնությունը: Միևնույն ժամանակ, ինչպես հայտարարել է Թուրքիայի ղեկավար Էրդողանը, պայմանավորվել են համատեղ ուժերով դաշտային հոսպիտալ կառուցել Արևելյան Գուտայում, որի վրա հարձակումը դարձել է սիրական պատերազմի ամենաարյունալի էջերից մեկը: Ռեջեփ Էրդողանը, Հասան Ռոհանին և Վլադիմիր Պուտինը համատեղ հայտարարությամբ արձանագրում են, որ Աստանայի գործընթացը միակ նախաձեռնությունն է, որի շնորհիվ հաջողվել է նվազեցնել լարվածությունը Սիրիայում, որտեղ 350 000 մարդու կյանք խլած պատերազմը շարունակվում է 7 տարի: Նրանք համոզմունք են հայտնում, որ պատերազմը լուծման տարբերակ չէ, և որ հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական գործընթացների ու բանակցությունների ճանապարհով: Պուտինը, Ռոհանին և Էրդողանն իրենց աջակցությունն են հայտնել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրային և պայմանավորվել հաջորդ եռակողմ գագաթնաժողովն անցկացնել Իրանում: «Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը թույլ չեն տա տարածքային բաժանումներ Սիրիայում»,- մեկուկես ժամ տևած գագաթնաժողովից հետո հայտարարել է Իրանի նախագահը: Ռոհանիի խոսքով՝ այդ երկրի հակառակորդները փորձում էին Սիրիան մասերի բաժանել, սակայն դա նրանց չհաջողվեց: «Մենք դա թույլ չենք տա»,- ընդգծել է նա` մեղադրանքներ հնչեցնելով ԱՄՆ-ի ու Իսրայելի հասցեին, որոնք ցանկանում էին, որ «այդ երկիրը կառավարեն ահաբեկիչները»:
«Մենք պայմանավորվել ենք ընդլայնել Սիրիայում եռակողմ փոխգործակցության ողջ համակարգը, առաջին հերթին Աստանայի ձևաչափի շրջանակներում, որը մեկ անգամ չէ, որ ապացուցել է իր արդյունավետությունը: Հենց երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համագործակցության շնորհիվ է Սիրիայում բռնությունների մակարդակը կտրուկ նվազել»` ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: