Արդեն 5-րդ օրը Հայաստանի միջմարզային մայրուղիներում քայլարշավող Նիկոլ Փաշինյանը ասել է, որ «Ելք» դաշինքի տարաձայնություններն առաջիկայում կքննարկի գործընկեր կուսակցությունների ղեկավարների հետ, կփորձեն հաղթահարել։
«Այս արշավը սկսելուց առաջ մենք պայմանավորվել ենք, որ ամսի 13-ին հանդիպելու ենք և քննարկելու ենք տվյալ պահին օրակարգում եղած հարցերը: Այդ հանդիպումը գուցե ավելի շուտ կամ ուշ տեղի ունենա, բայց մենք անպայման կհանդիպենք և կքննարկենք: Կարծում եմ, որ «Ելք» դաշինքը պետք է մնա հավատարիմ իր կայացրած որոշումներին և իր պաշտոնական հայտարարություններին: Ով իրեն դուրս կդնի այս հայտարարությունների և որոշումների շրջանակից, ինքն իրեն դուրս կդնի «Ելք» դաշինքից»,- ասաց Փաշինյանը, հավելելով․«Ես կարծում եմ, որ դաշինքը պետք է հաղթահարի տարաձայնությունները: Կարծում եմ, որ «Ելք» դաշինքի ընտրողների կամքը և ընտրողների տեսակետը պետք է այս պրոցեսում հաղթի, և ես, որպես «Ելք» խմբակցության ղեկավար, ինձ համարում եմ նաև այդ գործընթացի պատասխանատուն ու երաշխավորը․ որևէ մեկը չի կարող «Ելք» դաշինքի ընտրողների քաղաքական ուղերձները, որ նրանք տվել են մեզ ընտրական պրոցեսի ընթացքում, ուղղակի շրջանցել և արհամարհել»: Նրա գնահատականով. «Ելք» դաշինքում երբեք, էսպես ասած, համաձայնության գաղջ մթնոլորտ չի եղել։ Մենք մշտապես, այս ընթացքում էլ, շատ սուր բանավեճեր ենք ունեցել: Այդ բանավեճերը, տեսակետների տարբերությունը չեն նվազեցնում իմ հարգանքը մեր գործընկերների նկատմամբ: Ես նաև ինձ հաշիվ եմ տալիս, որ ես «Ելք» խմբակցության ղեկավարն եմ և ուզում եմ նորից ընդգծել՝ այս գործընթացն ամբողջությամբ տեղավորվում է «Ելք» խմբակցության նախկինում կայացրած որոշումների ու հայտարարությունների մեջ: Իհարկե՝ այդ տարաձայնությունները, ցավոք սրտի, ավելի ընդգծվում են ամեն օրվա հետ, բայց մեր դիրքորոշումները միշտ եղել են կառուցողական ու կշարունակեն մնալ կառուցողական»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա մերժում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի առաջարկած քաղաքական պայքարի տարբերակը՝ կապված վերահսկողական մեխանիզմ ունեցող որոշ պաշտոններ ընդդիմությանը զիջելու հետ. «Ես կարող եմ միանշանակ ասել, որ «Իմ քայլը» արշավն ընդդիմության համար որևէ պաշտոն ապահովելու նպատակ չունի և չի ունեցել: Այս համատեքստում դրա մասին խոսք անգամ լինել չի կարող: Ես բացառում են այդ հարցում համաձայնությունն իշխանության հետ»: