Հայաստանը ոչ թե պաշտպանում է Ռուսաստանին, այլ կողմ է, որ ռուսաստանյան ռազմական հետախուզության պաշտոնաթող գնդապետ և Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում մեկ ամիս առաջ թունավորված Սերգեյ Սկրիպալի հետ տեղի ունեցածը «մինչև վերջ բացահայտվի»` ասել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Հայաստանը 14 երկրներից է, որ Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպությունում համատեղ հայտարարությամբ պաշտպանել են ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման հանգամանքներն ուսումնասիրելու նոր հետաքննություն անցկացնելու՝ Ռուսաստանի առաջարկը, որը նախատեսում է հետաքննության գործում ներառել ռուսաստանցի փորձագետների: Երևանի հետ միասին Կրեմլին սատարող հայտարարությանը միացել են Բելառուսը, Ղազախստանը, Ադրբեջանը, Տաջիկստանը, ՈՒզբեկստանը, Ղրղզստանը, Սիրիան, Իրանը, Վենեսուելան, Պակիստանը, Նիկարագուան, Կուբան և այլն: Առաջարկը քվեարկությամբ մերժվել է:
«Խնդիրն այն չէ, որ մենք որևէ մեկին պաշտպանում ենք, տվյալ փուլում պետք է ձեռնպահ մնալ որևէ դատողությունից, գնահատականից, գործողությունից, քանի դեռ չկա երեք հարցի պատասխան: Որո՞նք են այդ հարցերը՝ որտեղ է արտադրվել այդ քիմիական զենքը, ծագումը պարզել, երկրորդը՝ ո՞վ է իրականացրել, երրորդ՝ ու՞մ պատվերով: Մենք հույս ունենք, որ հնարավորության չափ այդ հարցերը կճշտվեն, որից հետո արդեն կարելի է և դատողություններ անել, և քայլեր ձեռնարկել»,- պարզաբանեց Քոչարյանը։ «Մենք չենք պաշտպանում Ռուսաստանին, մենք կողմ ենք, որ մինչև վերջ բացահայտվի»: