Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 5-ին ներկա է գնվել Հայաստանի և Երուսաղեմի Սբ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Մարտական Բարեխնամ ՈՒխտի համագործակցության համաձայնագրի ստորագրմանը: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Մալթայի Ինքնիշխան Մարտական ՈՒխտի Մեծ դիվանապետ Բարոն Ալբրեխտ ֆոն Բեզըլագերը: Համաձայնագիրը ստորագրվել է` հաշվի առնելով 1998-ին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Մալթայի ՈՒխտի` որպես ապաքաղաքական և մարդասիրական աջակցություն ցուցաբերող միջազգային կառույցի և Հայաստանի միջև ավանդաբար գոյություն ունեցող գերազանց հարաբերությունները, համագործակցության երկարատև ավանդույթը բժշկության, առողջապահության և սոցիալական ոլորտներում և երկուստեք ցանկություն ունենալով էլ ավելի զարգացնել բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը, նպաստել Մալթայի Ինքնիշխան ՈՒխտի մարդասիրական աջակցության իրականացմանը Հայաստանի տարածքում:
Համաձայնագրի նպատակն է ձևավորել համագործակցության ընդհանուր շրջանակ և սահմանել ուղենիշեր կողմերի միջև՝ Հայաստանի տարածքում Մալթայի Ինքնիշխան ՈՒխտի իրականացվող՝ հիվանդների խնամակալության, սոցիալական և առողջապահական գործողությունների խթանմանը:
Հայաստանը և Մալթայի Ինքնիշխան ՈՒխտը կհամագործակցեն առողջապահության, պարենային անվտանգության, կամավորական գործունեության, աղետների ռիսկերի նվազեցման, սոցիալական ծրագրերի իրականացման ուղղություններով, այլ ոլորտներում՝ փոխադարձ համաձայնությամբ: Համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո նախագահ Սերժ Սարգսյանը և Մալթայի Ինքնիշխան Մարտական ՈՒխտի Մեծ վարպետի տեղապահ Ֆրա Ջակոմո Դալլա Տոռե դել Տեմպիո դի Սանգուինետոն ԶԼՄ-ների առջև հանդես են եկել հայտարարություններով: