«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Սերժ Սարգսյանը հանդիպել է Սերջիո Մատարելլայի հետ

Սերժ Սարգսյանը հանդիպել է Սերջիո Մատարելլայի հետ
06.04.2018 | 21:18

Հռոմում նախագահ Սերժ Սարգսյանին ընդունել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան: Նա ողջունել է հյուրին և մեծ պատիվ համարել նախագահ Սարգսյանի հետ 3 տարի առաջ հանդիպումից հետո կրկին հյուրընկալել նրան Հռոմում: Իտալիայի նախագահը խորհրդանշական է համարել, որ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի վերջին այցը հենց Իտալիա է: Սերջիո Մատարելլան երախտագիտություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին՝ նրա պաշտոնավարման ժամանակաշրջանում հայ-իտալական հարաբերությունների զարգացման և ամրապնդման համար բոլոր մակարդակներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային: Իտալիայի նախագահը նշել է, որ Հայաստանը և Հարավային Կովկասը ռազմավարական նշանակություն ունեն: Նա նախագահ Սերժ Սարգսյանին տեղեկացրել է, որ ամռանը Հայաստան է այցելելո` հայ-իտալական բարեկամությունը ևս մեկ անգամ վերահաստատելու: Զրուցակիցների համոզմամբ՝ դա նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերությունների խորացմանը:


Նախագահները գոհունակությամբ են խոսել վերջին շրջանում ակտիվացած հայ-իտալական տնտեսական հարաբերությունների մասին՝ փաստելով ապրանքաշրջանառության ծավալների աճը: Այս համատեքստում կարևորվել է հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի ձևավորումն ու գործունեությունը, որի առաջին նիստը մի քանի ամիս առաջ էր: Նախագահ Սերջիո Մատարելլան նշել է, թե ուրախ է, որ Հայաստանի տնտեսության մեջ իտալական ներդրումները աճում են՝ և արդեն 200 մլն ԱՄՆ դոլար են կազմում: Հայաստանյան շուկայում իտալական ընկերությունների ներկայացվածությունը ևս մեծանում է: Խոշոր ներդրումների շարքում Սերժ Սարգսյանը նշել է Երևանում իտալական «Ռենկո» և գերմանական «Սիմենս» ընկերությունների ներդրումային ծրագիրը, որի շրջանակներում կկառուցվի տարածաշրջանում իր մեծ արդյունավետությամբ առանձնացող ՋԷԿ: Իտալիայի նախագահը դա համարել է տնտեսական ոլորտում փոխգործակցության գերազանց օրինակ: Սերջիո Մատարելլան ուրախությամբ է փաստել մշակութային համագործակցության խորացումը և Հայաստանում իտալական մշակույթի ու իտալերենի հանդեպ աճող հետաքրքրությունը, որը նրա գնահատմամբ, վկայում է հայերի և իտալացիների փոխադարձ համակրանքը: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը: Իտալիայի նախագահը շնորհավորել է Հայաստանին՝ համաձայնագրի ստորագրման կապակցությամբ և նշել է, որ Հայաստանը առաջատար դեր ունի որպես համագործակցության կամուրջ և վառ օրինակ է, որտեղ Արևելքը և Արևմուտքը ոչ թե հակադրվում են, այլ՝ մեկ ամբողջություն են: Հայաստանի օրինակը լավ ազդակ է, թե որքան օգտակար կարող է լինել համագործակցությունը բոլորի համար: Այս կերպ հնարավոր կլինի հարաբերություններ հաստատել նաև ԵԱՏՄ երկրների հետ:


Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: Ընդգծելով, որ Հայաստանն աջակցում է 2018-ին ԵԱՀԿ-ում իտալական նախագահության առաջնահերթություններին՝ Սերժ Սարգսյանը կարևորել է ԵԱՀԿ սկզբունքներին համահունչ՝ Իտալիայի հավասարակշռված մոտեցումը հիմնախնդրի կարգավորման հարցում, աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին ու նրանց մոտեցումներին: Իտալիայի նախագահը շեշտել է, որ իր երկիրը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ ուղղված հիմնախնդրի խաղաղ լուծմանը և չի պատրաստվում բանակցությունների այլ ձևաչափ քննարկել՝ հույս ունենալով, որ կազմակերպությունը հակամարտող կողմերի հետ միասին կգտնի լուծման ճիշտ ճանապարհ, և հիմնախնդիրը փոխզիջումների ճանապարհով հնարավորինս շուտ կլուծվի: Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության առաջնահերթություններից մեկն էլ ձգձգվող հակամարտությունների լուծումն է: Սերջիո Մատարելլան, նախագահ Սարգսյանից տեղեկանալով, որ մի քանի օրից Հայաստանը լիովին անցնում է խորհրդարանական կառավարման համակարգին, նշել է, որ հիացմունքով է հետևում, թե որքան սահուն է կատարվում անցումը կառավարման մի համակարգից մյուսին: Սերժ Սարգսյանը նշել է, որ խորհրդարանական հանրապետության անցնելու համար Հայաստանին օրինակ է ծառայել նաև Իտալիան, որի սահմանադրական որոշակի սկզբունքներ կիրառվել են մեր երկրում: Նախագահները Հայաստանի և Իտալիայի բարեկամության ևս մեկ օրինակ են համարել միջազգային խաղաղապահ առաքելության շրջանակներում Լիբանանում հայ-իտալական համատեղ խաղաղապահ առաքելությունը:

Դիտվել է՝ 1232

Մեկնաբանություններ