ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ալիևը դարձյալ մեղադրել է Հայաստանին ու խոսել իր բանակի նոր սպառազինությունների մասին

Ալիևը դարձյալ մեղադրել է Հայաստանին ու խոսել իր բանակի նոր սպառազինությունների մասին
06.04.2018 | 21:20

«Հայաստանը չի ցանկանում փոխել Լեռնային Ղարաբաղում ստատուս-քվոն»,- TACC գործակալությանը հարցազրույցում պնդել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հավելելով՝ Երևանի դիրքորոշումը գլխավոր խոչընդոտն է, որը թույլ չի տալիս կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը: TACC-ի փոխտնօրեն, բաքվեցի Միխայիլ Գուսմանի հետ զրույցում Ադրբեջանի նախագահը նշում է․ «Հայտարարությունների մակարդակում Հայաստանը պնդում է, թե ցանկանում է բանակցություններ վարել: Իրականում, սակայն, զբաղված է իմիտացիայով: Հայաստանն ամեն ինչ անում է, որ փակ շրջան ստեղծվի, և այս ամենը վերածվի անվերջ մի գործընթացի: Դա ոչ մեզ համար է ընդունելի, ոչ էլ միջազգային հանրության»: Ալիևը կրկնել է Բաքվի համար ընդունելի տարբերակը` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերի կատարումը, այսինքն` «հայկական ուժերի անհապաղ դուրսբերումը գրավյալ տարածքներից»:

«Ադրբեջանական հողերի դեօկուպացիան առաջին քայլն է հակամարտության փուլային կարգավորման ճանապարհին: Այդ կարգավորումը պետք է իրականացվի միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա»-, նշում է Ալիևը: Նա կոչ է արել Մինսկի խմբի համանախագահ պետություններին՝ ավելի ակտիվ դիրքորոշում որդեգրել: «Միջնորդական առաքելության մանդատ ունեցող՝ Մինսկի խմբի համանախագահ երկրները` Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը պետությունների ղեկավարների մակարդակով բազմիցս հայտարարել են, որ ստատուս-քվոն անընդունելի է և պետք է փոփոխվի: Մենք միանշանակորեն համաձայն ենք այդ մոտեցմանը և կարծում ենք, որ այդ հայտարարությունները միանգամայն տեղին են: Մյուս կողմից՝ հայտարարություններն, իհարկե, շատ կարևոր են, սակայն մեզ հակամարտության կարգավորում է անհրաժեշտ»,- ասել է Իլհամ Ալիևը: Խոսելով ադրբեջանական բանակի վերազինման գործընթացի մասին` նա նշել է, որ գործընթացը գրեթե ավարտին է մոտեցել: «Միջազգային փորձագետների և կազմակերպությունների գնահատմամբ՝ Ադրբեջանի զինված ուժերն այսօր աշխարհի 50 ամենամարտունակ ու լավ սպառազինված բանակների թվում են: Մենք գործնականում ավարտել ենք բանակի վերազինման գործընթացը: Այսօր մեր բանակը հագեցած է թե հարձակողական, թե պաշտպանական ամենաժամանակակից տեխնոլոգիական և բարձր ճշգրտության աստիճան ունեցող սպառազինությամբ: Մենք սպառազինություն ենք ձեռք բերում աշխարհի լավագույն արտադրողներից: Այդ սպառազինությունը մեզ ինքնավստահություն է հաղորդում», - հայտարարել է Ալիևը:

Նրա խոսքերից պարզ է դառնում, որ Ադրբեջանը փոխելու է սպառազինության ձեռքբերման ողջ քաղաքականությունը: «Առաջիկայում սպառազինության գնումն ավելի ընտրովի և կոնկրետ կլինի` միտված այս կամ այն խնդրի լուծմանը»,- նշել է Ալիևը: Խոսելով ռուս-ադրբեջանական կապերի մասին` նա պնդել է, որ դրանք ռազմավարական գործընկերության մակարդակի հասցնելը հնարավոր դարձավ նախևառաջ Վլադիմիր Պուտինի հետ անձնական լավ հարաբերությունների շնորհիվ: «Ռուսաստանի նախագահի հետ անձնական հարաբերությունները երկկողմ հարաբերությունների զարգացման գլխավոր գործոններից են: Մեր միջև շատ վստահելի հարաբերություններ են: Մեզ համար փակ թեմաներ գոյություն չունեն: Եթե ի հայտ են գալիս հարցեր, որոնք մեր միջամտությունն են պահանջում, մենք առանց վարանելու զանգահարում ենք միմյանց կամ հանդիպում ենք և կարգավորում կնճռոտ հարցերը, որ ծագել են ենթականերից որևէ մեկի մեղքով»,- ասել է Իլհամ Ալիևը:

Դիտվել է՝ 1154

Մեկնաբանություններ