Գերմանիայի իշխանությունները որոշել են կալանքից ազատել Կատալոնիայի նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնին: Շլեզվիգ-Հոլշտեյն երկրամասի հանրային դատախազը հայտարարել է, թե անկախական գործիչը կարող է 75 հազար եվրո գրավի դիմաց ազատորեն շրջագայել Գերմանիայի տարածքում, մինչև դատարանը վերջնական որոշում կկայացնի նրան Իսպանիային արտահանձնելու հարցով:
Երեկ դատարանը մերժել էր ապստամբության մեղադրանքով Պուչդեմոնին արտահանձնելու Մադրիդի պահանջը, միաժամանակ նշել, որ պետական միջոցների փոշիացման քննությունը դեռ շարունակվում է: Իսպանիայի կառավարությունը, որը Պուչդեմոնին ձերբակալելու եվրոպական օրդեր է տվել Կատալոնիայում անկախության հանրաքվեից հետո, հայտարարել է, թե հարգանքով է ընդունում գերմանական դատարանի որոշումը: