Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի հետ, որ նանդիպման սկզբում հետաքրքրվել է Իտալիա և Վատիկան նրա այցի ընթացքով: Նախագահ Սարգսյանը ներկայացրել է ջերմ մթնոլորտում կայացած այցի հագեցած օրակարգը և արդյունքները` հանդիպումներն ու ձեռքբերված պայմանավորվածությունները: Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռոբերտո Ֆիկոյին` Պատգամավորների պալատի նախագահ ընտրվելու կապակցությամբ, մաղթել արգասաբեր աշխատանք և հույս հայտնել, որ նա իր կարևոր ներդրումը կունենա նաև հայ-իտալական միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացման գործում: Սերժ Սարգսյանը կարևորել է խորհրդարանական կապերի դերը միջպետական հարաբերությունների օրակարգի ընդլայնման գործում և զրուցակցին տեղեկացրել, որ Հայաստանի Ազգային ժողովը եվրոպական բազմաթիվ երկրների խորհրդարանների հետ բարեկամական կապերի բարի ավանդույթ է ձևավորել: Նա ընդգծել է` ժամանակն է նոր մակարդակի բարձրացնել հայ-իտալական միջխորհրդարանական փոխգործակցությունը: Սերժ Սարգսյանն այս համատեքստում ընդգծել է, որ ինքնին խոսուն փաստ է, որ Իտալիայի խորհրդարանում Հայաստանի հետ նախորդ բարեկամության խումբն աշխարհի խորհրդարաններում երկու ամենամեծ խմբերից մեկն էր:
Հայաստանի` կառավարման խորհրդարանական համակարգին անցնելուց հետո համագործակցության շատ ավելի մեծ հնարավորություններ և ներուժ կա, որն անհրաժեշտ է լիարժեք օգտագործել: Նախագահը հույս է հայտնել, որ այս Իտալիայում խորհրդարանական ընտրություններից հետո հնարավորինս արագ կվերաձևավորվի Հայաստանի հետ բարեկամության խումբը, և նորակազմ խորհրդարանի հետ կշարունակվի հայ-իտալական միջխորհրդարանական փոխգործակցության խորացումը: Ռոբերտո Ֆիկոյի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը ջերմությամբ է հիշել Իտալիա նախորդ այցի շրջանակներում նրա ծննդավայր Նեապոլում հյուրընկալվելը և նշել, որ այդ քաղաքն առավել քան հոգեհարազատ է հայերին: Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահն ընդգծել է, որ քաջատեղյակ է այդ ամենին և գիտի, որ Նեապոլում է գտնվում Սուրբ Գրիգոր Հայի եկեղեցին, որտեղ պահվում են Գրիգոր Լուսավորչի մասունքները:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և անցյալ տարվա նոյեմբերին ԵՄ հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի շուրջ: Նախագահը զրուցակցին հանգամանորեն ներկայացրել է գործընթացի վերջին զարգացումները և հայկական կողմի մոտեցումները, որոնք համահունչ են ԵԱՀԿ ՄԽ սկզբունքներին ու մոտեցումներին: