ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած պատժամիջոցների նոր ցանկում 24 բարձրաստիճան պաշտոնյաներ և ազդեցիկ գործարարներ են, մեկ տասնյակից ավելի ընկերություններ: «ՌԴ կառավարությունը չարամիտ գործողությունների է դիմել ողջ աշխարհով մեկ:
Դրանց թվում են Ղրիմի շարունակվող օկուպացիան, Ուկրաինայի արևելքում բռնությունների հրահրումը, Ասադի վարչակազմին զենքի մատակարարումները, երբ նա զբաղված էր իր քաղաքացիներին ռմբակոծելով: Այդ գործողությունների շարքին կարելի է դասել նաև արևմտյան ժողովրդավարությունների դիրքերի խաթարմանն ուղղված քայլերն ու չարամիտ կիբերակտիվությունը»,- նշված է ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինի հայտարարության մեջ: ԱՄՆ նոր պատժամիջոցների թիրախում հայտնված անձանց և ընկերությունների ողջ ունեցվածքը, որ գտնվում է ԱՄՆ իրավասության տակ, ենթակա է կալանքի, ԱՄՆ քաղաքացիներին էլ արգելված է որևէ գործարք կնքել այդ անձանց կամ ընկերությունների հետ: Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ՌԴ նախագահի թիկնազորի նախկին պետ, այժմ «Ռոսգվարդիան» ղեկավար Վիկտոր Զոլոտովը, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, նախկին վարչապետ, Արտաքին հետախուզություն ծառայության (CBP) նախկին տնօրեն Միխայիլ Ֆրադկովը: