Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցում է 8 թեկնածու՝ այդ թվում նաև գործող ղեկավար Իլհամ Ալիևը, որ փետրվարին արտահերթ նախագահական ընտրություններ հայտարարելուց հետո որևէ կերպ չի բացատրել իր որոշումը:
Անդրադառնալով բազմաթիվ ենթադրությունների առիթ տված ընտրություններին՝ BBC-ն նկատում է, որ Ալիևի մրցակիցների մասին սոցկայքերում շատ քիչ բան է հայտնի: Որպես թեկնածու գրանցվելու համար, նրանք պետք է առնվազն 40.000 ստորագրություն հավաքեին և հավաքել են չնայած սոցկայքերում նրանց էջերը առանձնակի ակտիվություն չունեն:
Ադրբեջանի քաղաքական կյանքի համար սոցցանցերը խիստ կարևոր նշանակություն ունեն, քանի որ ընդդիմադիր քաղաքական գործիչներն իրենց ձայնն արտահայտելու այլընտրանքային հարթակ չունեն: Երկրի իրական ընդդիմությունը զրկված է հեռուստատեսությամբ ելույթ ունենալու հնարավորությունից: Բազմաթիվ ինտերնետային լրատվամիջոցներ արգելափակված են, զարմանալի չէ, որ Facebook–ը դառնում է տեղեկության տարածման գլխավոր հարթակը: «Կան այնպիսի թեկնածուներ, որոնց ֆեյսբուքյան փոստերի տակ ընդամենը ընդամենը 38 «լայք» կա: Եվ այդ թեկնածուներն ընդամենը 3-4 օրում հավաքել են ավելի քան 40.000 ստորագրություն: Սա ոչ թե երկիր է, այլ կոգնիտիվ դիսոնանս»,-նշել է «Հանրապետական այլընտրանք» կուսակցության անդամ Նատիկ Ջաֆարլին:
Ադրբեջանի ընդդիմությունը, հրաժարվելով մասնակցել արտահերթ ընտրություններին, հայտարարել է, որ Ալիևը նման որոշում է կայացրել, որ իր մրցակիցները քարոզչություն վարելու ժամանակ չունենան: Նրանք պնդում են, որ գրանցված 8 թեկնածուներին չի կարելի համարել Ալիևի լուրջ մրցակից: Ինչպես 2013-ին, այնպես էլ այս անգամ, ընտրությունները կունենան նույն հանգուցալուծումը՝ Ալիևի օգտին կքվեարկի ընտրողների 83-84%-ը: