Մեծ Բրիտանիայի իշխանությունները պատրաստվում են առաջարկել Սոլսբերիում թունավորված ՀԳՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին եւ նրա դուստր Յուլյային տեղափոխվել ԱՄՆ եւ անունները փոխել` հայտնում է Sunday Times պարբերականը՝ վկայակոչելով բրիտանական կառավարությունում աղբյուրներին:
Բրիտանական MI6 հետախուզության աշխատակիցներն արդեն բանակցություններ են վարել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակիցների հետ: Sunday Times-ի աղբյուրները նման որոշումը պատճառաբանել են «Սոլսբերիի միջադեպի զոհերին հետագա հնարավոր մահափորձերից պաշտպանելու» Լոնդոնի ցանկությամբ: Լոնդոնը հույս ունի Սկրիպալների անվտանգությունն ապահովել նրանց «հինգ աչքի» համաձայնագրի (տվյալների հավաքման ծրագիր, որի հիմնական նպատակներից մեկն է ահաբեկիչներին հետեւելը) անդամ երկրներից մեկը տեղափոխելով: ՀԳՎ նախկին գնդապետի եւ նրա դստեր բնակության նոր վայրի հնարավոր տարբերակներից մեկն է ոչ միայն ԱՄՆ-ն, այլեւ Կանադան, Ավստրալիան եւ Նոր Զելանդիան:
Սակայն իրավիճակին ծանոթ հետախուզությունում Sunday Times-ի աղբյուրը հայտնել է, որ առավել «ակնայտ» է Սկրիպալների ԱՄՆ տեղափոխվելը: «Այնտեղ նրանց սպանելու ավելի քիչ հնարավորություններ կլինեն»,- պարզաբանել է նա՝ նշելով, որ ԱՄՆ-ում ավելի հեշտ կլինի նրանց պաշտպանել: