Մի քանի օր է՝ իտալական պարբերականների գլխագրերում Վատիկանի այգիներում Գրիգոր Նարեկացու արձանի տեղադրումն ու Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի կազմակերպած ընդունելությունն է: Իտալական պարբերականները գրում են, որ Վատիկանում Նարեկացու արձանի տեղադրումը եղբայրության խորհրդանիշ է: Կայքերը նշում են, որ արձանի տեղադրումից հետո դեսպան Մինասյանի կազմակերպած ընդունելությունն օգնել է հաղթահարել քաղաքական ճգնաժամը:
Il Messaggero-ն գրել է, որ Սուրբ Աթոռում և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի անունից ապրիլի 5-ի երեկոյան հանրահայտ պատկերասրահ «Դորիա Պամֆիլի» պալատում ընթրիքը հայտնվել է իտալական քաղաքական անցուդարձի կենտրոնում։ «Դորիա Պամֆիլի» պալատը և Սիլվիո Բերլուսկոնիի տունը` «Գրացիոլի» պալատն իրարից բաժանում է մի փոքր հրապարակ և մի քանի տասնյակ մետր ճանապարհ։ Ապրիլի 5-ի երեկոյան այս կարճ ճանապարհն առանցքային է դարձել երկրի կառավարության ձևավորման ֆոնին փակուղային իրավիճակում հայտնված իտալական երկու կուսակցությունների վերամիավորման համար՝ Մատեո Սալվինիի գլխավորած «Լիգա» և Սիլվիո Բերլուսկոնիի գլխավորած «Առաջ, Իտալիա» կուսակցությունների պառակտումից հետո, ինչը քաղաքական ճգնաժամ էր առաջացրել։
askanews.it կայքն էլ գրել է, որ Աջ կենտրոնամետ կոալիցիան հայտարարել է, որ կգնա նախագահի հետ նոր ազգային կառավարության ձևավորման հարցի շուրջ խորհրդակցությունների հաջորդ փուլին, և պատվիրակությունը կազմված կլինի բոլոր 3 առաջնորդներից՝ Մատեո Սալվինիից, Սիլվիո Բերլուսկոնիից և Ջորջիա Մելոնիից։ Դա շրջադարձային պահ է «Լիգա» և «Առաջ, Իտալիա» կուսակցությունների հարաբերությունների վատթարանալուց հետո։
La Republicca-ի հաղորդմամբ՝ «Լիգա» կուսակցության առաջնորդը փորձել է ամրապնդել կոալիցիան խորհրդակցություններում տարաձայնություններից հետո և դիմել է իր դաշնակիցներին միավորվելու կոչով։ «Միակ հնարավոր կառավարությունը միավորված կոալիցիան է՝ «5 աստղի շարժման» կուսակցության հետ միասին»,- ասել է նա։ Բերլուսկոնին ժամանակ է խնդրել մտածելու համար, այնուհետև հայտարարել, որ նախագահի հետ առաջիկա խորհրդակցություններին կոալիցիան կներկայանա միասնական։ «Լիգա» կուսակցության առաջնորդի օգնական Ջանկարլո Ջորջետին քննադատել էր Բերլուսկոնինն «5 աստղի շարժման» կուսակցության հետ համագործակցությունը մերժելու համար։ «5 աստղը» բացառում է Բերլուսկոնիի հետ համագործակցելու հնարավորությունը։ Այնուամենայնիվ Սալվինին ուղերձ է հղել «5 աստղի շարժման» կուսակցության առաջնորդ Լուիջի Դի Մայոյին չփորձել պառակտություն մտցնել «Լիգա» և «Առաջ, Իտալիա» կուսակցությունների միջև։ Il Messaggero-ն գրում է, որ միայն երեկոյան՝ «Դորիա Պամֆիլի» պալատում Վատիկանում Ֆրանցիսկոս պապի հետ Գրիգոր Նարեկացու բրոնզե արձանի բացման համար Հռոմ ժամանած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և կաթողիկոսներ Գարեգին Երկրորդի և Արամ Առաջինի պատվին կազմակերպված գալա-ընթրիքի ընթացքում նրանք վերականգնեցին հարաբերությունները՝ պարզաբանող հաղորդագրություններ փոխանակելով։ Հյուրերի թվում է եղել Մատեո Սալվինին՝ իր ընկերուհու, հաղորդավարուհի Էլիզա Իսոարդիի հետ միասին: Նրանք նստած են եղել Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանի և իր ամենամոտ աջակիցներից Ջանկարլո Ջորջետիի հետ նույն սեղանի շուրջ։ Սիլվիո Բերլուսկոնին իր տանը՝ «Դորիա Պամֆիլիի» մոտակայքում գտնվող «Գրացիոլի» պալատում մտորում էր սցենարների մասին։ «Դորիա Պամֆիլիի» սրահում դեռ չէր ավարտվել Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանի ապերիտիվը, երբ «Լիգա»-ի առաջնորդը հեռախոսազանգեր սկսեց ստանալ՝ առաջին պարզաբանումները, այնուհետև նոր հստակեցումներ Whatsapp-ով, ելքի փնտրտուք, դիրքորոշումների բացատրություն։ Նույն սրահում էին հավաքված «Լիգա»-ի և «5 աստղի շարժման» պատգամավորները, տարբեր բարձրաստիճան անձինք, ներկա էին նաև Հայաստանի մեծ բարեկամ Պիերֆերդինանդո Կասինին, կարդինալներ, այդ թվում՝ արգենտինացի կարդինալ Լեոնարդո Սանդրին և Սուրբ Աթոռի՝ պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Փոլ Գալագերը, որ առավոտյան Հայաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում խոսել էր քրիստոնյաների հետապնդումների մասին և արյունահեղությունը չդադարեցնելու դեպքում տարածաշրջանին սպառնացող բացասական հետևանքների շուրջ մտավախությունների մասին։
Գալա-ընթրիքի հյուրերի շրջանում ամենաշատ քննարկվող թեման նախագահի հետ կառավարության ձևավորման հարցով անարդյունավետ խորհրդակցություններն էին։ Շատերին հետաքրքրում էին կառավարության ձևավորման՝ ավելի ու ավելի խճճված դարձող հանելուկի մանրամասները։ Հյուրերի հայացքը հաճախ ուղղվում էր կենտրոնական սեղաններից մեկի ուղղությամբ, որտեղ նստած էին Սալվինին և Ջորջետին, և հավելում, որ որոշ ժամանակ անց՝ մինչ մատուցողները ուտեստներն էին մատուցում, Ջորջետին հանկարծակի հեռանում է սրահից։ Նրան հանձնարարվել էր Բերլուսկոնիի մոտ՝ Գրացիոլի պալատ գնալու և երկու ազնվական պալատները բաժանող տարաձայնությունները վերացնելու բարդ առաքելությունը։ «Եվս մեկ անգամ այս ազնվական նստավայրերը, որտեղ պատմականորեն բազմաթիվ ճակատագրեր են որոշվել, հայտնվել էին քաղաքական իրադարձությունների կենտրոնում»,- գրում է կայքը։