Թուրքիայի քրդամետ Ժողովրդահանրապետական կուսակցության պատվիրակությունը մեկնել է Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլ՝ իշխանությունների հետ բարձր մակարդակի հանդիպումների նպատակով: Թուրքիայից ժամանած պատվիրակությանն ընդունել է Իրաքյան Քրդստանի նախկին նախագահ Մասուդ Բարզանին ու գործող վարչապետ Նեչիրվան Բարզանին: Ժողովրդադեմոկրատականների պատվիրակությունը գլխավորել է կուսակցության խոսնակ, Թուրքիայի Մեջլիսի՝ Ուրֆայից ընտրված պատգամավոր Օսման Բայդեմիրը: Նա կոչ է արել միավորվել քրդական քաղաքական բոլոր ուժերին՝ բացառելու համար միմյանց միջև բախումներն ու դրանցից բխող քաղաքական տատանումները: Ըստ նրա՝ քուրդ ժողովրդի քաղաքական կարգավիճակի հստակեցումը խաղաղություն ու կայունություն կբերի Մերձավոր Արևելքին:
«Եթե մենք հաջողացնենք ճիշտ համագործակցել միմյանց հետ՝ իմաստ կունենա նաև Թուրքիայի արևմուտքում ժողովրդավարացման համագործակցություններ տանել տեղի ընդդիմադիր ուժերի հետ: Եթե մենք ինքներս մեր մեջ չկարողանանք ճիշտ փոխգործակցել՝ մյուսների հետ դաշինքներ կնքելն անիմաստ է»,- ասել է Բայդեմիրը: