Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի այցը Փարիզ սկսվել է ընթրիքով Լուվրում նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Իշխանը նախօրեին էր ժամանել Փարիզ: Այցի շրջանակներում ակնկալվում է, որ Փարիզը եւ Էր Ռիադը համաձայնագիր կստորագրեն ռազմավարական գործընկերության մասին:
Ֆրանսիան, հաշվի առնելով արքայազն Մուհամեդի նախաձեռնած բարեփոխումները, հույս ունի Սաուդյան Արաբիայի հետ առեւտրային հարաբերությունների նոր տեսակ ստեղծել: Նախատեսվում է 18 հուշագիր ստորագրել էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի եւ գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության մասին: Փարիզում արքայազնին դիմավորել են Եմենի ռմբակոծությունների հետ կապված բողոքի ցույցերով: Վերջերս անցկացված հարցման համաձայն՝ չորս ֆրանսիացուց երեքն անընդունելի է համարում սպառազինությունների վաճառքը Սաուդյան Արաբիային` փոխանցում է AFP-ն: