Այսօր ներդրողները սկսել են ակտիվորեն վաճառել ռուսական ընկերությունների բաժնետոմսերը։ Ռուսաստանյան ընկերությունները, նաև մի շարք օլիգարխներ, տասնյակ միլիարդավոր դոլարներ են կորցրել՝ ապրիլի 6-ից ուժի մեջ մտած ԱՄՆ նոր պատժամիջոցների սահմանման պատճառով: Մոսկվայի բորսայի ցուցիչը 9 տոկոսի անկում է արձանագել, իսկ РТС-ի ցուցիչը նվազել է 10 տոկոսով` հղում անելով «Ֆորբսին», հաղորդում է РБК գործակալությունը: Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Կրեմլը հետևում է իրավիճակին: Պեսկովը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի կառավարությունը կանի հնարավորը՝ վնասները նվազագույնի հասցնելու համար: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, թե Ռուսաստանն իրեն պատասխան քայերի իրավունք է վերապահում: Կառավարությունը միջոցներ կձեռնարկի՝ պատժամիջոցներից տուժած ընկերություններին օգնելու համար` ասել է ՌԴ վարչապետը:
Ռուսաստանում նաև տեղական արժույթն է անկում ապրում՝ մեկ դոլարի արժեքն այսօր գերազանցել է 60 ռուբլին, իսկ մեկ եվրոն արժեցել է 73 ռուբլի: Նման ցածր ցուցանիշ ռուսական ռուբլին արձանագրել էր 2016-ին: Բորսայի անկման հետևանքով 50 ռուսաստանցի օլիգարխներ կորցրել են 11 միլիարդ դոլարից ավելի գումար: Ամենից շատ կորցրել է Օլեգ Դերիպասկան՝ մոտ 3 միլիարդ դոլար։ ՝ Դերիպասկան հայտարարել է, որ իրեն պատկանող «Ռուսալ» ընկերությունը տեխնիկական դեֆոլտի վտանգի տակ է հայտնվել։ Վլադիմիր Պոտանինին պատկանող «Նորիլսկի նիկելը» կորցրել է 1,3 միլիարդ դոլար: Վիկտոր Վեկսելբերգի կորուստը կազմել է 900 միլիոն դոլար, իսկ Սուլեյման Կերիմովինը՝ 810 միլիոն դոլար։ Մեծ գումարներ են կորցրել ոչ միայն ամերիկյան պատժամիջոցների ցանկում հայտնվածները, այլև շատ ուրիշներ: