Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Եվրամիության դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին աջակցելն է` ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Բանակցություններն Ադրբեջանի հետ համաձայնագրի շուրջ ընթանում են: Այս փուլում չեմ կարող կանխատեսել, թե ինչ ընթացք կստանան: Հստակ է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵՄ դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին աջակցելն է: Մենք աջակցում ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս համաձայնագիրը մեխանիզմներ չի պարունակում որևէ հակամարտություն լուծելու համար և արտացոլում է ԵՄ պետությունների դիրքորոշումները»,- ասել է Պյոտր Սվիտալսկին:
Դեսպանը նշել է, որ ԵՄ-ն աշխատում է Հայաստանի հետ, որ համաձայնագիրը վավերացվի. «Մենք հավատում ենք, որ կարող ենք օգնել Հայաստանին բարեփոխումներ իրականացնելու հարցում: Մենք հավատում ենք, որ համաձայնագրի վավերացումից հետո անիրականը կարող է դառնալ իրական, և Հայաստանը կզգա փաստաթղթի դրական կողմերը»: