ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հուշարձանների միջազգային օրը «Էրեբունի» թանգարանում՝ «Ժառանգություն սերունդների համար» խորագրով

Հուշարձանների միջազգային օրը «Էրեբունի» թանգարանում՝ «Ժառանգություն սերունդների համար» խորագրով
17.04.2018 | 12:14

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» ազգային կոմիտեի հետ միասին ապրիլի 18-ին՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան կմիանա միջոցառումների շարքով՝ «Ժառանգություն սերունդների համար» խորագրով: Օրվա շրջանակում «Էրեբունի» թանգարանում կներկայացվի նոր ցուցահանդես, որի խորագիրն է «Հնագիտական ժառանգությունը սերունդների համար. ճանաչել, արժևորել, պահպանել»:

Կրթադաստիարակչական ուղղվածություն ունեցող այս ցուցահանդեսի նպատակն է բարձրացնել ժառանգության ճանաչողության, արժևորման և պահպանության խնդիրները՝ երիտասարդ սերնդի մոտ պատմամշակութային հուշարձանների հանդեպ հետաքրքրություն և հարգանք առաջացնելու նպատակով: Հուշարձանների միջազգային օրվա միջոցառումների շրջանակում «Էրեբունի» թանգարանում համերգային ծրագրով հանդես կգա Հնաբնակ երևանցիների ասոցիացիայի «Աշնանային ձայներ» երգչախումբը, որի տարեց երգիչներն Օրվա միջազգային խորագրին համահունչ իրենց պահպանած ժառանգությունը կփոխանցեն երիտասարդ ունկնդիրներին: «Էրեբունի» թանգարանում երիտասարդ հնագետ, պ.գ.թ. Միքայել Բադալյանը դպրոցականների և ուսանողների համար կանցկացնի դասախոսություն՝ «Հայկական լեռնաշխարհը հետուրարտական ժամանակաշրջանում. ժառանգություն և իմիտացիա» թեմայով, իսկ Օրվա ծրագիրը կեզրափակեն «Էրեբունի» թանգարանի «Պատանի հնագետ» դպրոցի սաները՝ ճանաչողական շրջայց անցկացնելով թանգարանում: «Էրեբունի» թանգարանն «ԻԿՕՄՕՍ/Հայաստան»-ի հետ համատեղ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված վերոնշյալ միջոցառումներն իրականացնում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի՝ ԻԿՕՄՕՍ-ի առաջադրած Գիտելիքների փոխանցում սերունդներին և Երիտասարդական առաջնորդություն նշանաբաններով:


Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա ապրիլի 18-ին, «Էրեբունի» թանգարանում, ժամը՝ 14:00-ին : Ցուցահանդեսը կգործի մինչև ս/թ հունիսի 18-ը:


«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան
« ԻԿՕՄՕՍ/Հայաստան» կազմակերպություն

Դիտվել է՝ 1170

Մեկնաբանություններ