Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Եվրոպային նախազգուշացրել է ԵՄ-ի ներսում և ողջ աշխարհում «ավտորիտարիզմի» գայթակղության վտանգի մասին:
Անցյալ տարվա մայիսին նախագահ ընտրվելուց հետո առաջին անգամ ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանում՝ Մակրոնը հայտարարել է, թե «եվրոպական քաղաքացիական պատերազմ» է ընթանում՝ նկատի ունենալով ԵՄ անդամ Հունգարիայում և Լեհաստանում տեղի ունեցող զարգացումները:
Վերջին շաբաթներին ԵՄանդամ Հունգարիայում և Իտալիայում իշխանության են եկել պոպուլիստական կուսակցությունները: Լեհաստանում իշխում է «Արդարություն և իրավունք» աջակողմյան կուսակցությունը, որի քաղաքականությունում Բրյուսելը լուրջ հակասություններ է տեսնում: «Ես չեմ ցանկանում պատկանել լուսնոտների սերնդին, և չեմ ցանկանում պատկանել մի սերնդի, որը մոռացել է իր անցյալը»` ասել է Ելիսեյան պալատի 40-ամյա ղեկավարը՝ ներկայացնելով ԵՄ ապագայի իր պատկերացումը: Մակրոնը ցանկանում է պատկանել մի սերնդի, որը կպաշտպանի եվրոպական ինքնիշխանությունը: Ֆրանսիայի նախագահը առաջարկել է ստեղծել հիմնադրամ, որը կօգնի փախստականներին ընդունող համայնքներին՝ փորձելով թեթևացնել լուրջ տարաձայնությունների պատճառ դարձած այդ խնդիրը:
Մակրոնի ելույթը ողջունել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, հայտարարելով՝ «իսկական Ֆրանսիան վերադարձել է»: