Հեյդար Ալիևի ուրվագծած ուղին միակ ճշմարիտ ուղին է, որով քայլելիս, վերջին 15 տարվա ընթացքում, երկիրը հասել է մեծ հաջողությունների` հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ երդմնակալության արարողության ժամանակ:
Հաջողության ցուցիչներից Իլհամ Ալիևը առանձնացրել է «Ազատությունն ու կայունությունը»: «Մենք ապահովել ենք բոլոր ազատությունները՝ խոսքի, տպագրության, հավաքների, քաղաքական գործունեության: Այսօր Ադրբեջանի քաղաքացիների 80 տոկոսը օգտվում է համացանցից, որը ազատ է»,- ասել է Ադրբեջանի նախագահը, ում արևմտյան իրավապաշտպան կառույցները մշտապես քննադատում են ընդդիմախոսներին ճնշելու, անկախ լրատվամիջոցները փակելու, լրագրողներին ազատազրկելու համար:
Ապրիլի 11-ին արտահերթ ընտրությունների պաշտոնական տվյալներով քվեների 86 տոկոսը ստացած և չորրորդ անգամ երկրի կառավարման ղեկը ստանձնած Ալիևը, անդրադառնալով ընտրարշավին, գոհունակությամբ է խոսել մրցակիցների «բավական կոշտ քննադատության» մասին: «Ես ողջունում եմ դա և գնահատում որպես դրական երևույթ», - ասել է նա: Ադրբեջանի ընդդիմությունը բոյկոտել էր ընտրությունները: Անդրադառնալով ընտրությունների արդյունքները ապօրինի գնահատած ընդդիմությանը՝ Իլհամ Ալիևը նրանց անվանել է «հակաազգային խմբավորում»: «Այս ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ նրանք Ադրբեջանի քաղաքական դաշտում տեղ չունեն: Ժողովուրդը վաղուց է որոշել նրանց տեղը՝ պատմության աղբարկղում: Այդ տարրերը ազգի դավաճաններ են, ովքեր հանդես են գալիս պետության դեմ՝ արտասահմանյան գրանտների հաշվին», - պնդել է նա:
Ալիևը խոստացել է շարունակել բանակի հզորացումը, որ արագացել է վերջին 15 տարիներին: «Այսօր ադրբեջանական բանակը աշխարհի ամենաուժեղ բանակների շարքում է՝ իր հագեցվածությամբ, զինվածությամբ, տեխնիկայով, անվտանգությամբ»` թվարկել է նա և կրկին խոսել ապրիլյան պատերազմի մասին:
«Ապրիլյան մարտերը՝ մեր փառավոր պատմությունն է, մեր մեծ հաղթանակը: Ադրբեջանական բանակը ազատագրել է մեր օկուպացված հողերի մի մասը, մենք վերահսկում ենք հազարավոր հեկտարներով տարածքներ, այդ հողերում կյանքը վերադառնում է, այդ հողերում ադրբեջանական դրոշն է ծածանվում»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ ևս մեկ անգամ խոստանալով, որ կազատագրի «օկուպացված հողերը»: Նա խոսել է նաև Ղարաբաղյան հակամարտությունից և կրկնե, որ՝ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես տարածքային ամբողջականության շրջանակներում: «Մենք երբեք թույլ չենք տա երկրորդ հայկական պետության ստեղծում»,- հայտարարել է Ալիևը` շարունակելով. «Մենք միջազգային հանրությանը կհասցնենք, որ ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև ժամանակակից Հայաստանը գտնվում են Ադրբեջանի պատմական հողերում: Դա ապացույցներ ունի: Մենք մի քանի անգամ արտաքսվել ենք, ինչի մասին միջազգային հանրությունը պետք է տեղյակ լինի»: