ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրեն Ինգիբորգ Սոլրուն Գիսլադոտիրին կոչ է արել Հայաստանի իշխանություններին պաշտպանել և ապահովել քաղաքացիների խաղաղ հավաքների ազատության իրավունքը: «Բոլոր մարդիկ հիմնարար իրավունք ունեն խաղաղ հանրահավաքների միջոցով արտահայտել իրենց կարծիքը: Իրավապահ մարմինները պետք է ոչ միայն զերծ մնան խաղաղ հավաքների ազատ իրավունքի միջամտությունից, այլև պատասխանատվություն են կրում այդ իրավունքի ազատ իրացման համար: Դա ներառում է մասնակիցների անվտանգությունն ու պաշտպանությունը», - նշել է նա: ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի տնօրենը կարևորել է Հայաստանի իշխանությունների առաջարկն՝ ընդիմության հետ երկխոսություն սկսելու վերաբերյալ:
Նա մտահոգություն է հայտնել խաղաղ ցուցարարների, այդ թվում՝ անչափահասների նկատմամբ, ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման, Երևանում և այլ քաղաքներում ձերբակալությունների լուրերի առնչությամբ: «Իշխանությունները պետք է հետևեն, որ անվտանգության ապահովման համար բոլոր միջոցառումները օրինական, անհրաժեշտ և համաչափ լինեն», - ասել է նա: