Քիչ առաջ եմ դուրս եկել ոստիկանության Շենգավիթի բաժանմունքից, որտեղ ձերբակալվել են պատգամավորներ Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերից հայտարարեց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, որ հանդիպել էր ձերբակալված պատգամավորներ Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին: «Մեզ ներկայացվեց արձանագրություն, որտեղ գրված է, որ Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը և Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին կատարել են արարք, ինչի համար էլ իրենք ձերբակալվել են։ Մենք ներկայացրինք դիտողություն, որ ըստ Սահմանադրության, իրենք իրավունք ունեն ձերբակելել, եթե դիտում էին, որ դա հանցագործություն է կամ ապրիլի 13-ին, կամ էլ պետք է դիմեին Աժ», - նշեց նա։
Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ պատգամավորները հրաժարվել են քննչական կամ դատավարական գործողություններից, որոնք իրենց ձևով և բովանդակությամբ չունեին որևէ իրավական հիմնավորում։ «Ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի բանավոր խոսքով՝ պատգամավորներին պետք է տեղափոխեն ձերբակալվածների պահման վայր, բայց ինչպես հասկանում եմ, բոլոր մուտքերը հասարակության կողմից փակ են և պատգամավորներին չեն կարող տեղափոխել», - ասաց Նիկոլայ Բաղդասարյանը։ «Տղաների տրամադրությունը բարձր էր, իրենք իրենց քայլը կատարել են և ակնկալում են, որ հասարակությունն էլ իր քայլը կկատարի», - տեղեկացրերց Նիկոլայ Բաղդասարյանը: