Ժամը 19-ին Հանրապետության հրապարակում սկսվեց Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հանրահավաքը, որի սկզբին աղավնիներ բաց թողնվեցին՝ ի նշան խաղաղության: ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Լենա Նազարյանը հրապարակում հավաքված ցուցարարներին կոչ արեց գիշերը չմնալ փողոցում՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Նա ևս մեկ անգամ կոչ արեց ոչ մի դեպքում բախման չգնալ ոստիկանության հետ: Հանրապետության հրապարակում հավաքված ցուցարարները վանկարկում են՝ «Նիկոլ, Նիկոլ», «ազատություն», «խաղաղություն»: Հանրահավաքի կազմակերպիչները հայտարարեցին, որ վաղը առավոտվանից շարունակվելու են քաղաքացիական խաղաղ անհնազանդության գործողություններ ամբողջ հանրապետության տարածքում. «Մենք ամեն օր անելու ենք դա, մինչև Սերժ Սարգսյանը չընկրկի: Մենք այլևս չենք պարտվելու, ՀՀ քաղաքացին հաղթելու է»։ Ուսանող Դավիթ Պետրոսյանը հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ իրենք շարունակելու են դասադուլը: Նա ընդգծեց, որ եթե շարժման ակտիվ անդամներից ինչ-որ մեկին ձերբակալում են, դա չի նշանակում, որ իրենք հեռանում ենք մեր հաղթանակից:
«Շատ կարևոր է, որ մենք շարունակենք մեր խաղաղ անհնազանդությունը: Սա արդեն մեր արժանապատվության համար պայքար է: Իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի սադրեն, բայց մենք շատ մոտ ենք հաղթանակին, քանի որ ամեն հատվածում ժողովուրդն ինքնակազմակերպվում է: Մենք պետք է շարունակենք ապակենտրոնացված շարժումը: Ժողովուրդն ապացուցեց, որ ազատ անկախ երկրում պետք է ապրենք»,- ասաց Դավիթ Պետրոսյանը:
Հանրապետության հրապարակում հանրահավաքի ամբիոնից հայտարարվեց, որ ամեն առավոտ ժամը 8:15-ից ինքնաբուխ հավաքներ են լինելու: Կոչ արվեց մարզերի բնակիչներին գալ Երևան, իսկ եթե չեն կարողանում, իրենց քաղաքներում բողոքի գործողություններ իրականացնեն: «Ամեն օր գործողությունները ըստ ավանդույթի պետք է ավարտվեն Հանրապետության հրապարակում: Չենք մոռանում դասադուլների և գործադուլների մասին: Այս պրոցեսը այսուհետև մեր միակ գործն և մեր դասը: Եթե կհայտնվեն ինչ-որ քաղաքական գործիչներ, նրանց կոչերը տարբերվեն մեր մարտավարությունից, հեռացրեք նրանց: Այս մարտավարության դեմ խաղ չկա»,- հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Ռուբեն Ռուբինյանը: