ԵԽԽՎ նախագահ Միկելե Նիկոլետին մի խումբ պատգամավորների խնդրել է կասեցնել իրենց պարտականությունների կատարումը այն հետաքննության ընթացքում, որն անցկացնում է կոռուպցիայի հետաքննության անկախ հանձնաժողովը: Ինչպես պնդում են զեկույցի հեղինակները, մի խումբ պատգամավորներ անօրինական վարձատրություն են ստացել Ադրբեջանին լոբբիստական ծառայություններ ցուցաբերելու համար:
«Հանձնաժողովը պարզել է, որ լուրջ կասկածներ կան, որ ԵԽԽՎ-ի ներկայիս ու նախկին առանձին անդամներ կոռուպցիոն բնույթի գործունեությամբ են զբաղվել Ադրբեջանի օգտին»,- ասված է Վեհաժողովի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: «Հետաքննչական մարմինը պարզել է, որ եղել են մի խումբ անձինք, որոնք ԵԽԽՎ-ում աշխատել են ի շահ Ադրբեջանի»,- նշվում է հաղորդագրության մեջ, որ ընդգծում է` «նրանց գործունեությունը հակասում է ԵԽԽՎ-ի բարոյական ստանդարտներին»: Զեկույցում ներկայացված են էթիկայի նորմերը խախտած խորհրդարանականների անունները: Նրանց թվում են՝ ԵԽԽՎ-ի նախկին ղեկավար Պեդրո Ագրամունտը, Սամադ Սեիդովը, Թադեուշ Իվինսկին, Աուգուստին Կոնդեն, Սեզար Ֆլորին Պրեդան, Ստեֆան Շեննախը, Ալան Դեկստեն և Ռոբերտ ՈՒոլթերը: Այս մարդկանց մի մասը դեռևս Վեհաժողովի անդամ է: ԵԽԽՎ նախագահ Միկելե Նիկոլետին արդեն բարձր է գնահատել փաստաթուղթը: «Դրան մասնակցած խորհրդարանականներին առաջարկվում է իրենց գործունեությունը կասեցնել այնքան ժամանակ, քանի դեռ ԵԽԽՎ-ի հանձնաժողովը հետաքննում է իրադրությունը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում»,- ասել է Նիկոլետին մամուլի ասուլիսում: