«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

ԱԱԾ. Իրադարձություններն արդեն վեր են ածվում մեր պետականության դեմ ուղղված լուրջ մարտահրավերի

ԱԱԾ. Իրադարձություններն արդեն վեր են ածվում մեր պետականության դեմ ուղղված լուրջ մարտահրավերի
23.04.2018 | 14:07

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը հայտարարել է, թե Հայաստանում ծավալվող իրադարձություններն «արդեն վեր են ածվում մեր պետականության դեմ ուղղված լուրջ մարտահրավերի»: «Ազգային անվտանգության ծառայությունը Հայաստանի ներսում և արտերկրում տեղի ունեցող զարգացումների մասին տեղեկատվության ստացման, մշակման ու վերլուծության արդյունքում մշտապես իրականացրել և ներկայումս էլ բնականոն իր հունով շարունակում է ՀՀ անվտանգությանն սպառնացող վտանգների կանխատեսման և դրանց չեզոքացմանն ուղղված իր գործունեությունը։

Միջազգային հեղինակավոր փորձագիտական կարծիքների համաձայն՝ մինչ վերջերս Հայաստանն ընկալվել է որպես աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկը, որի գրավականները եղել են ինչպես բարդ տարածաշրջանային պայմաններում պետական մարմինների լարված և հետևողական աշխատանքը, այնպես էլ մեր հասարակության խոհեմությունը և պետականության, համախմբվածության և Հայրենիքի նկատմամբ անսահման նվիրվածության գաղափարների կարևորումը։ Ցավոք, վերջին իրադարձությունների և դրանց հրապարակային ու քողարկված դրդապատճառների ու հետապնդվող նպատակների դիտարկումները վկայում են, որ հետևողական փորձ է արվում խախտել հիշյալ հավասարակշռությունը, որն արդեն անմիջականորեն ոտնձգություն է ոչ թե իշխանությանը, առանձին պետական կամ քաղաքական գործիչներին, այլ՝ պետության հիմքերին»` ասել է Կուտոյանը:

«ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից շարունակվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվող տեղեկատվությունը հիմք է տալիս եզրահանգումներ կատարելու, որ մեր քաղաքացիների կողմից իրենց սահմանադրական իրավունքներից օգտվելու ընթացքին զուգահեռ պետության հիմքերը թուլացնելու և քայքայելու նպատակներ հետապնդող ինչպես ներքին, այնպես էլ արտաքին տարբեր ուժեր, անհատներ և խմբավորումներ ակնկալում են կյանքի կոչել մեր ինքնիշխանությանը, պետական սահմանների անձեռնմխելիությանը և տարածքային ամբողջականությանն ուղղված իրենց ստոր ծրագրերը։ Չեմ վարանում հրապարակային նման մեկնաբանություն տալ այդ ծրագրերին, քանի որ դրանց իրականացման նպատակով փորձ է արվում մեր հասարակության տարբեր շերտերի մեջ սերմանել բացահայտ թշնամություն, ատելություն, անհանդուրժողականություն, որի հետևանքները հնարավոր չի լինելու կարճ ժամկետում չեզոքացնել, և տևական ժամանակ մենք, մեր երեխաներն ու ամբողջ ժողովուրդը ստիպված ենք լինելու ապրել փոխադարձ անվստահության, անհանգստության ու անկայունության պայմաններում»։ ԱԱԾ տնօրենը եզրահանգում է անում՝ ծավալվող իրադարձություններն արդեն վեր են ածվում մեր պետականության դեմ ուղղված լուրջ մարտահրավերի՝ «ժամանակն է լինել առավել զգոն և շրջահայաց՝ այդ անդառնալի հետևանքներից մեր սերունդներին զերծ պահելու համար»։

Դիտվել է՝ 1242

Մեկնաբանություններ