Նախկինում մի քանի անգամ հայտարարել եմ, որ մեր քաղաքական այս շարժման` թավշյա հեղափոխության մեջ աշխարհաքաղաքական ոչ մի կոնտեքստ, ոչ մի դավադրություն գոյություն չունի` ասաց Նիկոլ Փաշինյանը: «Սա ողնուծուծով, զտարյուն, մաքուր հայկական թավշյա հեղափոխություն է, և որևէ այլ մեկնաբանություն չի կարող լինել, և ես ուրախ եմ, որ աշխարհի տարբեր երկրներ ի գիտություն են ընդունել մեր այս ուղերձը, և հենց այդպես էլ ընկալում են իրավիճակը»,- ասաց նա և կարևորեց, որ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, արձագանքելով Սերժ Սարգսյանի հրաժարականին, ասել է. «Հայաստան, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»: «Ես հույս ունեմ, որ նմանատիպ արձագանք կլինի նաև միջազգային հանրության մյուս առանցքային ներկայացուցիչներից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա հայտարարեց, որ այսօր յուրաքանչյուր հայի համար տոն է: «Դուք բոլորդ այս տոնը կերտել եք սեփական ձեռքերով, և ես ուզում եմ ասել այն, ինչ ասացի բանտից դուրս գալուց և հրապարակ հասնելուց հետո` ՀՀ ժողովո՛ւրդ, քո ցավը տանեմ»,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրենք պետք է ցույց տան, որ ժողովրդին պատկանող իշխանությունը ի վիճակի է իրավիճակը պահել հարյուր տոկոսով կառավարելի: «Ես հույս ունեմ, որ դուք էլ համաձայն կլինեք, որ այսօրվա մեր տոնակատարությունը որևէ տհաճ միջադեպով չպետք է նշանավորվի: Այսօրվա մեր տոնակատարությունը պետք է լինի ուրախ, զվարթ, բայց որևէ ծառի ճյուղի վնաս չպետք է հասցվի»,- ասաց նա՝ կոչ անելով զերծ մնալ նաև ալկոհոլի օգտագործումից և հարգալից լինել ոստիկանների նկատմամբ,- միևնույն ժամանակ ակնկալում և պահանջում եմ, որ ՀՀ ոստիկանությունը նույնպիսի հարգանք ցուցաբերի ՀՀ հաղթանակած ժողովրդի նկատմամբ»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս պահից սկսած պետք է զբաղվեն Հայաստանի «շատ մոտ ապագայի կառուցման և իրագործման հարցով»: «ՀՀ-ն պետք է այլևս լինի ազատ և երջանիկ պետություն: ՀՀ քաղաքացին պետք է լինի ազատ, երջանիկ և բարեկեցիկ: Եվ ես համոզված եմ, որ մենք միասին շատ շուտով կերտելու ենք, իրականություն ենք դարձնելու ազատ և երջանիկ Հայաստանը»,- ասաց նա: