ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կարեն Կարապետյանն ասել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին

Կարեն Կարապետյանն ասել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին
24.04.2018 | 19:30

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ապրիլի 24-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանների և դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ: Նա շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և հանդիպմանը ներկա գտնվելու համար` վստահություն հայտնելով, որ դեսպանները ուշադրությամբ հետևել են վերջին օրերին Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումներին, իսկ ԱԳՆ-ն ամենօրյա կապի մեջ է եղել նրանց հետ:


Վարչապետի պաշտոնակատարը նաև շնորհակալություն է հայտնել երկրներին և միջազգային կառույցներին, որոնք այս ընթացքում հանդես եկան հավասարակշռված կոչերով և ուղերձներով՝ ուղղված լարվածության թուլացման և իրադարձությունների խաղաղ ընթացքին: Կարեն Կարապետյանը վստահեցրել է, որ Հայաստանը շարունակելու է հավատարիմ մնալ միջազգային պարտավորություններին և հանձնառություններին: Վարչապետի պաշտոնակատարը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին: «Արձանագրեմ, որ մեր երկիրն ամեն ինչ արեց բռնությունից խուսափելու և ազգային համերաշխության մթնոլորտ ստեղծելու, հասարակական կյանքը բնականոն հուն վերադարձնելու համար: Սա, կարծում եմ, լավագույնս վկայում է Հայաստանում ժողովրդավարության հասունության և պետական մտածողության մասին: Կարծում եմ` Հայաստանը աշխարհին հստակ ազդակ է տվել, որ ստեղծել է կայուն պետական ինստիտուտներ, ձևավորել ժողովրդավարություն, որն այսօր հաստատակամորեն առաջ է շարժվում: Հատուկ ուզում եմ ընդգծել այս գործընթացներում ոստիկանության և անվտանգության ուժերի դրսևորած բարձր պրոֆեսիոնալիզմը, հանդուրժողականությունը և անմնացորդ ծառայությունը մեր երկրին: ՈՒզում եմ ընդգծել նաև մեր պայծառ երիտասարդության դերակատարումը: Հենց այդ երիտասարդությունն է մեր ապագան, և հենց նրանք են հանդիսանալու կայուն հենարան մեր երազած Հայաստանը կերտելու գործում: Ցանկանում եմ առանձնահատուկ շեշտել, որ Հայաստանը շարունակելու է հավատարիմ մնալ իր ստանձնած բոլոր միջազգային պարտավորություններին և հանձնառություններին, և մենք կգործադրենք անհրաժեշտ ջանքերը, որպեսզի բնականոն շարունակենք մեր գործընկերների աջակցությամբ իրականացվող բարեփոխումները և այլ ծրագրերը: Բոլոր պետական հաստատությունները անխափան շարունակելու են իրենց աշխատանքը՝ ապահովելու Հայաստանի քաղաքացիների և հյուրերի անվտանգությունը, բնականոն կյանքը, ինչը մեր պետականության հասունության կարևորագույն ցուցանիշն է: ՀՀ զինված ուժերը շարունակելու են ամուր պահել մեր երկրի սահմանները, երաշխավորել Արցախի և նրա ժողովրդի անվտանգությունը:
Վստահ եմ՝ մեր բոլոր միջազգային գործընկերները կշարունակեն զգոնությամբ հետևել, որ Ադրբեջանը պատրանքներ չունենա և որևիցե արկածախնդրության չդիմի՝ փորձելով օգտվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակից: Այս ուղերձը պետք է հստակ լինի Ադրբեջանի համար: Մեր տարածաշրջանի կայունությունը, անվտանգությունը բխում են ինչպես մեր, այնպես էլ միջազգային հանրության շահերից: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն երկրներին և միջազգային կառույցներին, որոնք այս ընթացքում հանդես եկան հավասարակշռված կոչերով և ուղերձներով՝ ուղղված լարվածության թուլացմանը և իրադարձությունների խաղաղ ընթացքին:


Կարծում եմ` տեղյակ եք` առաջիկայում պարոն Նիկոլ Փաշինյանի հետ տեղի կունենան բանակցություններ, որոնց ընթացքում կփորձենք լուծումներ գտնել: Օրակարգը բաց է, և ինչպես ենթադրում են բանակցությունները՝ յուրաքանչյուր կողմ կարող է իր առաջարկություններով հանդես գալ: Անկախ ամեն ինչից՝ ևս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ բոլոր լուծումները պետք է լինեն քաղաքակիրթ և տրամաբանական, Սահմանադրության և օրենքների շրջանակներում, և վստահեցնում եմ, որ կանեմ հնարավորը մեր ժողովրդի համերաշխությունը և համախմբվածությունը ապահովելու համար և չեմ թաքցնում` նույնը ակնկալում եմ նաև մեր գործընկերներից»,- ասել է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:

Դիտվել է՝ 977

Մեկնաբանություններ