Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժողովրդին և Ազգային ժողովին ուղղված իր ուղերձում անդրադարձել է հայաստանյան իրադարձություններին, գրում է belta.by-ն: «Պետք էր ազնիվ վարվել»,- ասել է նա՝ խոսելով խորհրդարանական պետության Հայաստանի անցման մասին: Բելառուսի նախագահը ժամանակին այդ խնդիրը քննարկել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ և չի թաքցրել իր դիրքորոշումը, որ պետք է ժողովրդի մոտ գնալ ազնիվ և բաց: «Ինչու՞ փոխել Սահմանադրության հիմքերը, մեկ երկիրը հարմարեցնել մեկ անձին»,- ասել է Բելառուսի նախագահը: Նա նշել է, որ Բելառուսի Սահմանադրության փոփոխության հարցը մշտապես քննարկվում է ԶԼՄ-ներում: «Ես երբեք անազնիվ չեմ գործել մեր քաղաքացիների նկատմամբ: Ես երբեք դրան չեմ գնա: Ես գիտեմ՝ որտեղից եմ եկել և ինչպես եմ հաղթել նախագահական ընտրություններում: Ես խոստանում եմ՝ երբեք չեմ դրժի իմ երդումը՝ ինչ էլ դրա համար պահանջվի»,- ասել է նա:
Լուկաշենկոն հայ ժողովրդին խորհուրդ է տվել շատ չտարվել` «Իշխանությունը փոխելը հեշտ է, բայց հետո պետք է արդյունքներ ցույց տալ: Տա Աստված, որ Հայաստանի տաղանդավոր, խելացի ժողովուրդը հաղթահարի այդ իրավիճակը»,- ասել է Բելառուսի նախագահը: Նա հիշեցրել է, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, «դա մեզ համար օտար երկիր չէ», ասել է` կառավարությունը պետք է կապվի հայկական կողմի հետ՝ այն առնչությամբ, թե ինչով կարող է օգնել: Լուկաշենկոն նշել է, որ տեղի ունեցածի համար մեղավոր են նաև ԵԱՏՄ գործընկերները: Նա հիշեցրել է մոտ մեկ տարի առաջ տեղի ունեցած բողոքի ցույցերի մասին, երբ Հայաստանի կառավարությունը բարձրացրեց գազի սակագինը: «Իբր ելք չկար՝ բարձրացրին էներգառեսուրսների գները, իսկ հետո ստիպված էին հետ կանգնել: Ինչ, դա մեզնի՞ց չէր կախված: Ռուսաստանի՞ց չէր կախված: Եվ այսպես մեզ առանձին-առանձին կվերացնեն: Եվ լավագույն դեպքում դուրս կհանեն այս միությունից»,- ասել է Բելառուսի նախագահը: