Եթե ՀՀԿ-ն չի ուզում լուծել ճգնաժամը, ուրեմն կխորանա` լրագրողների հետ հանդիպմանը, որի ժամանակ պետք է կայանային վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ բանակցությունները, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Հարցին` եթե ՀՀԿ-ն առաջադրի վարչապետի իր թեկնածուին ու նա էլ ընտրվի, ի՞նչ է անելու, Փաշինյանը պատասխանեց. «Շատերը հիմա փորձում են ներկայացնել, թե ով լինի վարչապետ։ Հարցը դա չէ, այլ այն, թե մենք այս ճգնաժամը լուծում ենք, թե՝ խորացնում։ Շատ պարզ է՝ եթե ՀՀԿ-ն չի ուզում լուծել ճգնաժամը, ուրեմն այն կխորանա։ Այդտեղ ես որևէ կասկած չունեմ։ Եթե որևէ մեկը մտածում է, որ մենք որևէ պարագայում հետքայլ ենք անելու, պարզապես, սխալվում է։ Չի լինելու նման բան, և ճգնաժամը խորանալու է»։ Նա պնդեց, որ իրենք թույլ չեն տա, որ «ժողովրդի հաղթանակը որևէ մեկը խլի իր ձեռքից»։ Պատգամավորը նկատեց, որ խոսքը պաշտոնակռվի մասին չէ և հավելեց, որ իրենց դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ այսօր ՀՀ քաղաքացին «զարթոնք է ապրում»։
«Մենք դավաճանած կլինենք այդ շարժմանը, եթե այդ զարթոնքը դե յուրե արձանագրելու համար բոլոր հնարավոր ջանքերը չգործադրենք։ Մենք չենք անելու այնպիսի գործողություն, որը կնսեմացնի քաղաքացու հաղթանակի զգացողությունը», - հավելեց Փաշինյանը։