«Կարևոր է բոլոր կողմերի ներգրավմամբ երկխոսությունը»
Հայաստանյան զարգացումները թե արևմտյան մայրաքաղաքների և թե Մոսկվայի ուշադրության կենտրոնում են: Ժողովրդավարության կանոնները պահպանելու և հարցերն օրինական կարգով լուծելու կոչերից զատ միջազգային քաղաքականության խոշոր կենտրոնները փորձում են հասկանալ, թե ինչ ուղղություն կընտրի երկիրը իշխանափոխությունից հետո: Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանում բարեկեցիկ, ժողովրդավարական հասարակություն կայացնելու ջանքերին` հայտարարել է ԵՄ պատվիրակությունը, որի ուղերձում կարևորվում է նաև բոլոր կողմերի ներգրավմամբ համապարփակ երկխոսությունը: ԵՄ-ն աջակցում է սահմանադրական կարգով հարցը լուծելու մոտեցմանն ու այդ առումով՝ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի ջանքերին: ԵՄ-ն կարևորում է նաև իրավապահների ու հավաքների մասնակիցների փոխադարձ զսպվածությունը:
Վաշինգտոնը ևս սատարում է Արմեն Սարգսյանի ջանքերին
Նախօրեին հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նոյերթը, ովժր ընդգծել է, որ իբրև Հայաստանի բարեկամ՝ ԱՄՆ հորդորում է բոլոր կողմերին բարեխիղճ բանակցությունների միջոցով կայացնել հանգուցալուծումը: Վաշինգտոնը սատարում է երկխոսությանը նպաստելուն ուղղված՝ նախագահ Սարգսյանի ջանքերը: Նոյերթը նշում է, որ ԱՄՆ-ում գոհունակությամբ են արձանագրում ցույցերի խաղաղ բնույթը և հավատում են, որ և իրավապահները, և խաղաղ ցույցերի իրավունքն իրականացնող մարդիկ կշարունակեն զերծ մնալ բռնություններից:
«Աննախադեպ շարժումն իշխանության վակուում է առաջացրել»
Միջազգային մամուլը շարունակում է հետևել Հայաստանում նոր վարչապետի ընտրության նախօրեի իրադարձություններին: Լոնդոնում լույս տեսնող The Guardian-ը նշում է, որ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած աննախադեպ լայնածավալ շարժումն անսպասելիորեն ստեղծել է իշխանության վակուում: Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց, հրաժարական ներկայացնելուց հետո անդադար ցույցեր են տեղի ունենում, նշում է պարբերականը: Independent-ը գրում է՝ Հայաստամում «անարյուն և կայծակնային թավշյա հեղափոխությունը» շատերի համար էր անակնկալ, իսկ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականն արդեն դարձել է այդ շատ ավելի երկար պատմության ընդամենը դրվագներից մեկը: Մայիսի 1-ին Հայաստանի խորհրդարանը պետք է վարչապետ ընտրի, որին պետք է հաջորդեն արտահերթ ընտրություններ: ՀՀԿ-ականները հուսով էին, որ ամեն ինչ կհանդարտվի Կարեն Կարապետյանի առաջադրումով, շատ արագ պարզ դարձավ, որ այդ նախագիծը չի աշխատի: Դժվար թե որոշումը հեշտ ընդունվի: «Սա մայդան չէ»,- ըստ պարբերականի՝ հայտարարել է Փաշինյանը, ընդգծելով՝ որևէ օտար պետություն մի կոպեկ էլ չի ծախսել այս շարժման վրա:
«Բողոքից ծնված Հայաստանն իր տեղն է որոնում»
Ռուս վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը «Профиль» հանդեսում այս զարգացումները դիտարկում է ղարաբաղյան հակամարտության համատեքստում: Սերժ Սարգսյանին հաճախ են քննադատել, նշելով, որ նրա լեգիտիմության պակասը թուլացնում է Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում, քանի որ թույլ լեգիտիմությամբ ղեկավարը դրսի ուժերի ազդեցության և ներգործության հեշտ թիրախ է: «Բայց Հայաստանում կա մի պարադոքս՝ եթե վերստին սրվի կոնֆլիկտը, դա կդառնա հաշտեցման նոր գործոն, խոսքը ոչ թե հայերի և ադրբեջանցիների, այլ հայ հանրության տարբեր շերտերի հաշտեցման մասին է: Անկախ Փաշինյանի, Սարգսյանի կամ մեկ ուրիշի հանդեպ վերաբերմունքից, ղարաբաղյան սրացումը միայն միավորում է հայերին: Բողոքից ծնված Հայաստան երկիրը շարունակում է իր տեղը որոնել բարդ տարածաշրջանում և սրընթաց փոփոխվող աշխարհում»,- կարծիք է հայտնել Մարկեդոնովը: