ԱՄՆ-ը դատապարտել է Ռուսաստանում «խաղաղ ցուցարարների» ձերբակալությունները և կոչ արել իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել նրանց։ Պետդեպարտամենտի խոսնակ Հիզեր Նոյերթը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է․ «Քաղաքական լիդերները, ովքեր վստահ են իրենց լեգիտիմությանը, չեն ձերբակալում խաղաղ ընդդիմադիրներին՝ բողոքի ակցիաներին մասնակցելու համար»։
ԵՄ-ն ևս դատապարտել է ցուցարարների ձերբակալությունները և նրանց նկատմամբ կիրառված կոշտ ուժը որակել սպառնալիք խոսքի և հավաքների ազատությունը: «Նա մեր ցարը չէ» կարգախոսով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ երեկվանից ամբողջ Ռուսաստանով մեկնարկած բողոքի ակցիաների ժամանակ ավելի քան 1600 մարդ է բերման ենթարկվել, բերման ենթարկվածների թվում կան անչափահասներ։ Սանկտ-Պետերբերգում ցուցարարների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել։ Ոստիկանները ցուցարարների նկատմամբ կոշտ ուժ են կիրառել, ռետինե մահակներ։