Վլադիմիր Պուտինը այսօր չորրորդ անգամ ստանձնեց ՌԴ նախագահի լիազորությունները: Երդմնակալության արարողությունը կայացավ Կրեմլի Անդրեևյան դահլիճում, ուր Պուտինը ժամանեց Կրեմլի իր աշխատասենյակից ռուսական «Կորտեժ» նոր ավտոմեքենայով: Եվս մեկ նորամուծություն էր, որ Պուտինի ավտոշարասյունը չանցավ Մոսկվայի կենտրոնական փողոցներով: 2012-ին Ռուսաստանի նախագահի ավտոշարասյունն անցել էր բոլորովին դատարկ փողոցներով, և հատուկ ծառայությունները փակել էին Մոսկվայի կենտրոնական փողոցները ոչ միայն ավտոմեքենաների և քաղաքային տրանսպորտի, այլև անցորդների համար: Երդմնակալությանը այս անգամ ներկա էր 5 հազար մարդ, որոնց մի մասը՝ դահլիճում, մյուսը՝ Սոբորնայա հրապարակում․ սա Կրեմլին հարող հրապարակներից մեկն է:
Սահմանադրության համաձայն՝ Վլադիմիր Պուտինն այսօր երդվել է. «Երդվում եմ ՌԴ նախագահի իմ լիազորություններն իրականացնելիս հարգել և պաշտպանել մարդու իրավունքներն ու ազատությունները»: Այսօր Պուտինը Ռուսաստանի նախագահի պաշտոնը ստանձնեց հավանաբար վերջին անգամ։ Նա 65 տարեկան է, և 2024-ին ավարտվում է նրա նախագահության չորրորդ ժամկետը։ Սահմանադրությունը թույլ չի տալիս Ռուսաստանի նախագահ ընտրվել 2024-ին: