Լիբանանը 9 տարվա ընդմիջումից հետո խորհրդարան է ընտրում: 2009-ից հետո խորհրդարանական ընտրությունները անընդմեջ հետաձգվել են ներքաղաքական խորացող ճգնաժամի և հարևան Սիրիայում շարունակվող պատերազմի պատճառով: Կիրակի օրը ընտրատեղամաս է ներկայացել լիբանանցի ընտրողների մոտ հիսուն տոկոսը՝ 2009-ի 54 տոկոսի փոխարեն, ամենացածր ցուցանիշն արձանագրվել է Բեյրութում՝ շուրջ 30 տոկոս: Ձայների նախնական հաշվարկի համաձայն՝ լուրջ հաջողություն է արձանագրել Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլահ» շարժումը, որին Վաշինգտոնը համարում է ահաբեկչական կազմակերպություն: Առաջին անգամ 1990-ին Լիբանանի խորհրդարան անցած «Հեզբոլահը», որը ներկայացնում է շիա մահմեդականների շահերը, և նրա հետ դաշնակցած քաղաքական ուժերը կարող են տիրանալ Լիբանանի խորհրդարանի մանդատների կեսից ավելիին: Գործող վարչապետ Սաադ Հարիրիի ղեկավարած դաշինքը, որը նախորդ խորհրդարանում մեծամասնություն էր, նորընտիր խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցությունն է ձևավորելու:
էթնիկական և կրոնական թերևս ամենախայտաբղետ բնակչությունն ունեցող Լիբանանի խորհրդարանի 128 մանդատները ըստ սահմանադրության բաժանված են երկրի 11 համայնքների միջև: Վեց մանդատ հատկացված է հայ համայնքին: Այս պահի դրությամբ հայտնի են խորհրդարան անցած հայ պատգամավորների անունները՝ ՀՅԴ-ից նախկին պատգամավոր Հակոբ Բագրատունին վերընտրվել է, Ալեքսանդր Մաթոսյանն ու Հակոբ Թերզյանը կարողացել են ստանալ խորհրդարան անցնելու համար բավարար ձայներ, մանդատ կստանան նաև հեռուստալրագրող Փոլա Յագուբյանը, բանակի նախկին սպա Ժան Թալլուզյանը: Այս և մյուս՝ վեցերորդ թեկնածուն, որի անունը առայժմ չի հաղորդվում, Լիբանանի խորհրդարանական ընտրություններին մասնակցել են ոչ հայկական կուսակցությունների ցուցակներով: