Գերմանիան, Բելգիան, Դանիան և Նորվեգիան մինչև 2024 թվականի վերջ ՈՒկրաինային 1,4 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ կտրամադրեն՝ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Հոկտեմբերի 11-ին Գերմանիա ժամանած ՈՒկրաինայի նախագահը ճեպազրույցում հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ հակամարտության ավարտը տեսնել ոչ ուշ, քան 2025 թվականը։               
 

Ռոմեն

Ռոմեն
08.05.2018 | 01:09

Մարագի ծանր դռները ցավոտ ճռռոցով փակվեցին:
-Կարող ենք սկսե՛լ, մարագում երեք հարյուր հայ կա,- մեծավորին զեկուցեց քուրդը:
Քիչ անց ձեռքին նավթի ամանը բռնած քրդին մի կին մոտեցավ, ականջին մի քանի բառ փսփսաց: Դուռը մի փոքր հետ քաշեցին, ու խանումի պես շքեղ հագնված քրդուհին շտապ ներս մտավ: Մարդիկ տագնապից լլկվել էին: Քրդուհին զննող հայացքով շոշափեց բոլորին և միանգամից մոտեցավ զուլալ աչքերով աղջնակին գրկում պինդ սեղմած Ռոմեին: Քրդուհին մի ակնթարթում մոր գրկից խլեց աղջնակին, իսկ Ռոմեն կառչել էր նրա ձեռքերից: Աղջիկը սարսափած կանչում էր՝ «Նանե՜, նանե՜...»: Քրդուհին փորձեց հանգստացնել Ռոմեին:
-Մեկ ժամից մարագը վառելու են, իսկ աղջկադ եթե չտաս էլ, զոռով տանելու եմ: Հասկացիր՝ աղջկադ դիմաց կփրկեմ քեզ ու ձերոնց էլ,- վճռական ասաց քրդուհին:


Ռոմեն հիշեց իրենց Գոմեք գյուղի Դըլո Սելիմ անունով ազդեցիկ քուրդ աղային, որը ջարդերի սկզբում շատ օգնեց իրենց ընտանիքին: Մեկ անգամ էլ ինքն իրեն մտքում համոզեց, որ աղուհացով քուրդ էլ է լինում: «Եթե բոլորին պիտի վառեն, ավելի լավ է գոնե իմ երկուսուկես տարեկան Թագուհուն տանեն, թող ապրի, գուցե հարազատներս մի օր գտնեն իրեն, իսկ մյուսներիս փրկելը էնքան էլ հավատալու բան չէ...»,- փորձեց սթափվել Ռոմեն:
Թագուհուն գրկած՝ քրդուհին մարագից դուրս տարավ նաև Ռոմեին, իր որդի Արշակին և Ճըմ գյուղից ամուսնու եղբորորդուն՝ Մաթևոսին: Ռոմեն դրսում հավատաց իր աչքերին և շտապում էր դեպի դիմացի արտը: Մի հարմար անկյուն գտան:
-Երեքով կմնաք այստեղ, ես ձեզ հաց ու ջուր գաղտնի կհասցնեմ, հետո կորոշենք ինչ անել,- խորհուրդ տվեց քրդուհին և, Թագուհուն գրկած, արագ հեռացավ:
-Նանե՜, նանե՜...,- քրդուհու գրկից ճչում էր Թագուհին:


Ռոմեն անզորությունից փլվեց ցորենի տրորված հասկերին: Մեկ ժամ անց մեծ մարագից կրակի լեզվակները ձգվեցին երկինք: Գոռոցներից, ողբից ու աղաղակներից սարսափած՝ երեխաները կծկվեցին Ռոմեի գրկում: Ռոմեն չդիմացավ, կանգնեց, մի ներքին ուժ նրան ձգում էր դեպի վառվող մարագը, իսկ երեխաները կառչել էին նրա փեշերից: Ցավից մեծացած նրա բիբերը տեսան դժոխքը: Վառվում էին բոլորը, քամին մարդկային ճենճահոտը հասցրեց Ռոմեին: Երբ այրվող գերանները փլվեցին, մարագում ամեն ինչ լռեց: Լսվում էին միայն թուրք խուժանի և թալանչի քրդերի ցնծության աղաղակները՝ «Իշալլա՜հ, իշալլա՜հ»: Ռոմեն գոգնոցի ծայրով փակեց Արշակի և Մաթևոսի բերանները: «Հարկավոր է ծպտվել մինչև մութն ընկնելը: Եթե քրդուհին չգա, էրեխեքին շալակած գոնե պիտի հասնեմ մոտակա ձորը»,- որոշեց Ռոմեն: Ականջում Թագուհու ողբն էր՝ «Նանե՜, նանե՜...»:


Մութը տագնապով գրկեց արտը, ամեն սոսափից Ռոմեն գոգնոցի ճոթերը սեղմում էր երեխաների բերանը: Նա զգուշորեն բարձրացավ: Արտի եզրով դեպի այրված մարագի անթաղ դիակներն էին զգուշորեն գնում մի քանի գայլ: Նա շոշափելով մի քանի քար պահեց ձեռքի տակ, գիտեր գայլերին վախեցնելու ձևը: Գայլը ոչինչ, մենակ թուրքը չգա: Կեսգիշերն անց լուսինը թաքնվեց ամպերի հետևում: Զգուշավոր ոտնաձայն լսվեց: «Չլինի՞ քրդուհին մատնել է իրենց տեղը»,- անցավ Ռոմեի մտքով ու մի քար զգուշորեն սեղմեց ափի մեջ: Ռոմեի ականջին հասավ քրդուհու ծանոթ ձայնը: Քրդերեն պատասխանեց: Քրդուհին մենակ էր, ինչը շատ զարմացրեց Ռոմեին:
-Էս կապոցում ուտելիք կա, տուր երեխաներին, ես վաղն էլ կգամ, տեղդ չփոխես: Աղջկադ մասին շատ չմտածես, նա ապահով ձեռքում է,- շշնջաց քրդուհին ու աննկատ հեռացավ:
Ռոմեն պառկեց գետնին, հողի հոտը կարոտով շնչեց: Չիմացավ ինչպես, բայց Ռոմեն հողի հետ էր խոսում: «Հո՛ղ, կհիշե՞ս՝ երբ քրդերը ամուսնուս սպանեցին ու հետո մի տարեկան երեխաս մահացավ, ես քեզ հետ էի խոսում, ցավս քեզ էի պատմում: Կորցրել եմ բոլորին, մենակ դու ես հարազատ մնացել: Մի ճար ու ճամփա ցույց տուր, Աստված սասունցուն մոռացել է, մեր աստված դու ես»,- ափում սեղմելով հողը՝ հազիվ շշնջում էր Ռոմեն:


Տասնհինգերորդ գիշերը նույն ժամին հայտնվեց քրդուհին՝ ձեռքին դարձյալ կապոց:
-Ռոմե՛, սուլթանից հրաման կա՝ կոտորել մեծ ու փոքրին: Ես քեզ էլ չեմ կարող պահել: Մի քանի օրվա ուտելիք եմ բերել: Գրկիր երեխաներին ու իջիր ձորը: Ցերեկները թաքնվիր, գիշերները՝ գնա: Կհանդիպես հայերի խմբերին, երևի ձերոնց էլ կգտնես: Աստված ձեզ հետ, շտապիր՝ քանի չեն հայտնվել գիշերները հայ որոնող քրդերը, տասը հայի գլխի դիմաց մեծ պարգև են ստանում,- շշնջաց քրդուհին և Ռոմեին ոգևորելու համար ավելացրեց՝ «Քո փոխարեն կհամբուրեմ Թագուհուն...»:
Մութ էր, ու Ռոմեն չտեսավ, բայց հասկացավ, որ քրդուհու աչքերում արցունք կար վերջին բառերն ասելիս:


Քարերը շոշափելով՝ իջնում էր ձորալանջով: «Միայն թե մութի մեջ դիակ որոնող գայլերն ու վայրենացած շները չմատնեն իր տեղը»,- ձորին շշնջաց Ռոմեն՝ երեխաներին ավելի պինդ սեղմելով կրծքին: Մինչև ադամամութ ձորամիջով գնաց: Դիմացը քարանձավ նշմարեց: Զգուշորեն մոտեցավ մուտքին: Ներսից շշուկներ լսվեցին, հայերեն էին խոսում: Ռոմեն չդիմացավ ու կանչեց՝ «Հայե՜ր, ես Գոմեք գյուղից Ռոմեն եմ»: Մի քանի հոգի շտապ մոտեցան, երեխաներին վերցրին: Կիսամութ քարանձավում մի կին շորով փակում էր երեխայի բերանը՝ լացի ձայնը կտրելու: Մայրը հուսահատ շշնջաց. «Երեխան քաղցած է, մի քանի օր հաց չի կերել»: Ռոմեն մթի մեջ քրդուհու կապոցը շոշափեց և մի կտոր հաց ու պանիր սեղմեց մոլորված մոր ափի մեջ: Մայրը գոգնոցի ձայրը դուրս քաշեց ու պանրի կտորն ուղղակի խրեց երեխայի բերանը: Մթի մեջ Ռոմեն զգում էր երեխայի ժպիտը, նայել պետք չէր: Ռոմեն բացեց հացի կապոցը ու գրեթե ամբողջ սնունդը բաժանեց քաղցից նվաղած փոքրիկներին: Մայրերը գրկել էին Ռոմեին, իսկ սոված քարանձավը լալիս էր:


Մեկ տարի թաքնվեցին քարանձավներում: Տղամարդիկ ցերեկները դես ու դենից բանջար, արմտիք ու հատապտուղ էին ճարում, պատահում էր՝ գիշերով որևէ գյուղ էին մտնում ու մի կենդանի գտնում: Երբ այլևս ոչինչ չկար, ոմանք տանջամահ եղած ծերերի ու երեխաների դիակների մսից էին թաքուն ուտում: Օրեր անց նրանք աղիքային հիվանդությունից մահացան: Վայրի կենդանիների քարանձավը մարդկային դժոխք էր դարձել, բայց գաղթական հայը քարանձավում գազան չդարձավ:
1916-ի գարունը բացվեց: Լուրեր էին շրջում, որ ռուսական զորքերը մտել են Մուշ, իսկ Անդրանիկ Զորավարը իր զինվորներով շրջում է ամենուր, հավաքում սարերում ու ձորերում թաքնվածներին և տանում Ռուսահայաստան: Գաղթականների մի քանի խմբեր դուրս եկան քարանձավներից ու շտապեցին Մասիս սարի ուղղությամբ: Մի քանի օր անց նրանց մոտեցան Անդրանիկի զորքի հետնապահ զինվորները: Մեկ տարում առաջին անգամ ժպիտ երևաց Ռոմեի աչքերում՝ «Չե՛մ հավատում, Տե՛ր Աստված, բայց ոնց որ փրկության հույս կա»:
Անդրանիկի զորքի հետ հազարավոր սասունցիներ ու մշեցիներ կային: Իրարանցում էր, մի քանիսը անմիջապես գտան իրենց կորած հարազատներին: Ռոմեն դեսուդեն էր վազում, գոռում իր հարազատների անունները. գուցե ո՞ղջ են:
Ալիքվում էր գաղթականների խումբը՝ գտնողը հրճվում էր ու լալիս, չգտնողը հուսահատվում էր ու լալիս, նայողը նույնպես լալիս էր: Ռոմեն հուսահատ փլվեց գետնին, ոչ ոք չկար իր հարազատներից:


Գաղթականների խումբը անցավ Մարգարայի կամուրջը: Արաքսի պղտոր ալիքների մեջ Ռոմեն դեմքեր էր փնտրում՝ «ՈՒ՞ր մնացին մերոնք, մի՞թե ոչ ոք չփրկվեց. մնացինք ես ու իմ Արշակը»:
...Շորագյալում՝ Արթիկ քաղաքի մոտ գաղթականների ուրիշ խմբեր կային: Մի մասը վճռեց գնալ Ռուսաստան, շատերը որոշեցին տեղում մնալ, մի մասն էլ մնաց Անդրանիկ Զորավարի խմբում. «Ի՞նչ իմանաս, գուցե նորից Էրգիր դառնանք»: Ռոմեն մոլորվել էր՝ ու՞ր գնալ, ու՞մ հետ մնալ: Որպես միակ մխիթարանք՝ գրկեց Արշակին, սեղմեց կրծքին և ուզում էր երկնքին հարցնել:
Մի պահ Ռոմեն քարացավ, ուզեց գոռալ, բայց լեզուն պապանձվել էր: Հանկարծ խելագարի պես սկսեց վազել: Արցունքներն իրենից առաջ էին ընկել: Մի քանի վայրկյան անց եղբայրները՝ Պողոսն ու Հովհաննեսը, իրենց կանանցով, քույր Էլբասն Աստուր ամուսնով՝ իրենց Խոդեդան, Առաքել, Սևդո զավակներով գրկել էին Ռոմեին ու չէին հավատում՝ դաժան երա՞զ է, մղձավա՞նջ, թե՞ իրականություն:


-Մենք ռուսի հող չենք գնա: Փաշան որոշել է Նախիջևանով Զանգեզուր մտնի, հետո Պարսկաստանից Թուրքիա՝ դեպի Էրգիր,- հարազատներին բացատրեց Աստուրը:
Մի քանի ամիս Զորավարն ու գաղթականները մնացին Զանգեզուրում: Գիշերը շատերը մտնում էին ցորենի արտերը, մի քանի փունջ հասկ էին քաղում, ցերեկը մաքրում քիստերից, եփում էին ապուր կամ փոխինձ պատրաստում: Արտատերերից մի քանիսը բողոքեցին Զորավարին, որ գաղթականները իրենց արտից ցորեն են գողանում: Փաշան զայրացավ և հրամայեց բոլորին շարք կանգնել: Նա երկար շրջեց գաղթականների շարքերի միջով: Երկար նայում էր հիվանդ ու սոված, տկլոր ու անօգնական որբերին: Ոչինչ չէր խոսում: Փաշան լուռ էր, նա անզոր էր սովածների հաց աղերսող հայացքների դեմ: «Մի՞թե ես կարող եմ սովահար երեխային մի բուռ ցորենով պահող մորը պատժել: Ես թուրքական տասնապատիկ ավելի զորքի դեմ ամենածանր պահին այսպես անզոր չեմ եղել, սա իմ ամենածանր կռիվն է»,- հոգու խորքում մղկտում էր Անդրանիկը: Նրա շուրթերը թաքուն դողում էին, և հազիվ լսելի ձայնով շշնջաց. «Այնպես քաղեք, որ էդ անխիղճները չտեսնեն»: Անհաղթ զորավարը խեղճացել, մի բուռ էր դարձել անտուն ու անհույս գաղթականների առջև: Մոտիկ կանգնածները նկատեցին Զորավարի ծանր արցունքները: Ռոմեն քարացել էր: Արշակն ու Մաթևոսը անսպասելի վազեցին դեպի Անդրանիկի ձին:


-Պահի՛ր ձագուկներին, թշվա՛ռ քույրիկ,- շշնջաց Զորավարն ու թեքեց ձիու գլուխը: Ձին էլ այդ պահին Անդրանիկի աչքին սոված գաղթական էր: Սպիտակ ձիավորը երեխայի պես շոյեց իր գաղթական զավակի՝ Ասլանի բաշը և դանդաղ դուրս եկավ գաղթականների շարքից: Մռայլ էր Սպիտակ ձիավորը: Երկար ժամանակ հազարավոր գաղթականներ մի կտոր ցամաք հացի հետ Զորավարի արցունքներն էին ցավով կուլ տալիս: Այդ արցունքները խառնվեցին իրենց արյանը, դարձան ցավի կարմիր գնդիկներ ու կարմիր կարոտ և իրենց հետ էլ գերեզման տարան:


Ռոմեն յոթ տարի շրջեց գաղթականների հետ, բայց տունդարձը 1921-ին եղավ Թալինի Աշնակ գյուղում: Ամուսնուց ու երեք զավակներից միայն Արշակն էր մնացել, նրան պահել ու մեծացնել էր պետք: Ամուսնացավ Սասնո Խարվեր գյուղից բարի ու արդարամիտ Գրիգոր Մանուկյանի հետ: Քարանձավների ցավը կամաց-կամաց դուրս է գալիս իրենց ոսկորներից, կրկին մարդու նման ժպտում էին, թոնիր վառում, հաց թխում ու սոված ճամփորդին հաց տալիս:
Տարիներ անցան՝ ինչպես Մարութա սարի գարնան ամպերը: Ծնվեցին Զարդարը, Հմայակն ու Արամը: Ռոմեն Արշակին շատ էր սիրում, իր համար Արշակը Էրգիր էր: Երկար պահում էր գրկում, համբուրում աչքերը: Երբ միտքը Էրգիր էր թռչում՝ Ռոմեն Արշակին գրկում էր աջով, իսկ մյուսը ձեռքը մնում էր օդում դատարկ՝ Թագուհին դեռ իր գրկում էր՝ «Նանե՜, նանե՜...»:
1928-ին ծնվեց Արամը: Ռոմեն գրկել էր երեք օրական նորածնին, իսկ ականջում դեռ Թագուհու ձայնն էր՝ «Նանե՜, նանե՜»: Հանկարծ բաց դռնից ականջին հասավ մի ճիչ՝ «Հասե՜ք, Արշակը մեռա՛վ»: Ռոմեի աչքին աշխարհը մշուշվեց, Արշակը դարձավ մի ամպ ու քամու հետ գնա՜ց դեպի Էրգիր: 1942-ին ամուսինը մահացավ:


-Տե՛ր Աստված, 1915-ից ես քեզ ամեն օր կկանչիմ, հըմը ոչ մի օր իմ ձեն չլսիր... Գուզիմ գոնե մեկ անգամ քու աչքերի մեջ նայիմ, գոնե մե կաթ արցունք սասունցու համար ունի՞ս, թե՞ չոր է ու չոր: Թե որ քու աչքերու մեջ սասունցու համար արցունք չկա, դու էլ ի՞նչ Աստված...»,- ամեն առավոտ Աստծու հետ խոսում էր Ռոմեն ու նորից անպատասխան մնում:
1951-ին ծնվեց Ռոմեի առաջին տղա թոռը: Բոլորը սպասում էին նրա խոսքին: «Լաո՛, ես գիտեմ ձեր մտքի մեջ ինչ անուն եք դրել, թող ձեր կամքով եղնի, ու իմ Արշակի անուն շարունակվի»,- հարազատներին ժպտաց Ռոմեն: Իսկ ժամանակը հոսում էր Էրգրի Բաթմանա ջրի նման՝ մեկ օր զուլալ, մի քանի օր՝ պղտոր:
2002-ի մարտն էր, ձնծաղիկ էին բերել թոռները տատին: Գարնանաբույրը լցվել էր սենյակը: Ռոմեն պարզ տեսավ, որ ձնծաղկի թերթիկներից իրեն է ժպտում Թագուհին. հաստատ ինքն էր՝ սպիտակ այտերով ու կապույտ աչիկներով:
-Սոսե՛, կանչիր Զարդարին, Համիկին, Արամին:- Ռոմեն թոռների անունները մեկ առ մեկ հիշեց՝ «Արշակ, Թաթուլ, Քնարիկ, Անահիտ, Գեղեցիկ, Հռիփսիկ, Աշոտ, Սասուն, Հասմիկ, Գոհար, Արման, Ռիմա, Շուշան. բա ծոռնե՜րս... Տե՛ր Աստված, էս ինչքա՜ն դարձա... Հա՛րս ջան, գնա թոնիրը վառիր, էսօր շատ հաց թխեք, վաղը շատ մարդ կգա...»,- հանգիստ հանձնարարեց Ռոմեն: Բոլորը եկան, անխոս նստել էին:
Աչքերը փակ՝ Ռոմեն արդեն իրեն կանչող հոգիների հետ էր խոսում ՝ «Թագուհի՛ ջան, 62 տարի քու ձեն ինձ կկանչե՜ ու կկանչե՜: Ժամանակն է՝ գամ մի քիչ էլ քե՛զ մերություն անեմ: Համ էլ՝ Աստծուն որ հանդիպեմ, հարցնեմ. «Տե՛ր Աստված, սասունցու համար գոնե մի լավ բան ունե՞ս պահած, բա ե՞րբ ես տալու»:
Թոնիրը վառ էր, իսկ երդիկից ելնող ծխի հետ երկինք էր բարձրանում Ռոմեն՝ Աստծուն նվեր տանելով թոնրահացի բույրն ու իր անպատասխան հարցերը:


Վրեժ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 131665

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ