ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց 2015-ին միջազգային համայնքի և Իրանի կնքած միջուկային պայմանագրից դուրս գալու և Իրանի նկատմամբ սահմանած, բայց պայմանագրով սառեցված պատժամիջոցները «նոր թափով վերականգնելու» մասին: Թրամփը «խիստ անհաջող և ձախողված» է անվանել նախկին նախագահ Բարաք Օբամայի կնքած պայմանագիրը, նշելով, որ Թեհրանին ընձեռվել է միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ աշխատանքը շարունակելու հնարավորություն: «Այդ պայմանագիրն ինձ համար ամոթալի էր»,- ասել է Թրամփը:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, թե ԱՄՆ ապացուցեց, որ չի հարգում ստանձնած միջազգային պարտավորությունները: «Ես Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությանն արդեն կարգադրել եմ հարկ եղած դեպքում արդյունաբերական մակարդակով վերսկսել ուրանի հարստացումը»,- ասել է Ռոհանին: Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան հայտնել են, որ շարունակելու են մասնակցել պայմանագրի իրագործմանը: Եվրոպական մի շարք երկրներ, Ռուսաստանը քննադատել են Դոնալդ Թրամփի որոշումը: ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը պայմանագրի չեղարկումը "կոպիտ սխալ" է անվանել: