ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է. ՙԱՄՆ-ը դուրս է գալու իրանական միջուկային գործարքից» և հավելել, որ հուշագիր կստորագրի նախկինում սառեցված պատժամիջոցները վերականգնելու համար:
«Մենք տնտեսական պատժամիջոցներ կսահմանենք ամենաբարձր մակարդակով: Ցանկացած երկիր, որն օգնում է Իրանին միջուկային զենք ստանալու ձգտման հարցում, նույնպես կարող է խիստ պատժամիջոցների ենթարկվել ԱՄՆ-ի կողմից», - հայտարարել է Թրամփը: Հուշագիրը նա ստորագրվել է ելույթից անմիջապես հետո:
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը պետք է նոր միջուկային համաձայնագիր կնքի՝ 2015-ին ստորագրվածի փոխարեն, որից ԱՄՆ-ը դուրս է գալիս։ «Իրանի առաջնորդներն, իհարկե, կասեն, որ նոր համաձայնագրի շուրջ բանակցություններ չեն վարի։ Նրանք հրաժարվում են, դե լավ։ Հնարավոր է՝ ես ևս նույնը կասեի, եթե նրանց փոխարեն լինեի։ Բայց փաստն այն է, որ նրանք կցանկանան նոր երկարաժամկետ համաձայնագիր կնքել, որը դրական ազդեցություն կունենա ամբողջ Իրանի և ժողովրդի վրա։ Երբ նրանք ցանկանան, ես պատրաստ եմ, ցանկանում եմ և կարող եմ բանակցություններ վարել։ Իրանի և խաղաղություն ու կայունություն ձեռք բերելու համար հիասքանչ իրադարձություններ կարող են տեղի ունենալ, որոնք մենք բոլորս ցանկանում ենք տեսնել Մերձավոր Արևելքում»,-ասել է Թրամփը։
Նրա հայտարարությունից հետո Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ-ին անվանել է երկիր, որը չի կատարում իր պարտավորությունները: «Այս պահից սկսած իրանական միջուկային ծրագրի շուրջ համատեղ գործողությունների համապարփակ համաձայնագիրը գործում է Իրանի և հինգ երկրի միջև»,- ասել է Ռոհանին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն, իր հերթին, Twitter-ում հայտարարել է, որ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ափսոսում են ԱՄՆ նախագահի որոշման համար: