Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարծում, թե ինքը փոքրամասնության կառավարություն է ղեկավարում: «Եթե դուք նկատի ունեք, որ մենք խորհրդարանում փոքրամասնության կառավարություն ենք, մենք խորհրդարանից դուրս մեծամասնության կառավարություն ենք: Եթե մի նժարին դնենք մեր ունեցած մեծամասնությունը, մյուս նժարին դնենք մեր չունեցած մեծամասնությունը, կարծում եմ՝ մեր ունեցած մեծամասնությունը տասնյակ, հարյուրավոր անգամներ կգերակշռի խորհրդարանական մեծամասնությանը»` Ստեփանակերտում արտասահմանցի լրագրողի հարցին ի պատասխան հայտարարեց Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ ինքը՝ որպես վարչապետի թեկնածու, առաջադրվել է մեծամասնության կողմից, իսկ իր ղեկավարելիք կառավարությունը լինելու է այդ մեծամասնության կառավարությունը:
Լրագրողը հիշեցրեց ՀՀԿ խմբակցության Փաշինյանին ձայն տված հիմնականում գործարար պատգամավորների մասին և հետաքրքրվեց՝ բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու մասին հայտարարող վարչապետը կախման մեջ չի ընկնի իրեն ձայն տված այդ պատգամավորներից: «Պետք է արձանագրել այն իրողությունը, որ դե ֆակտո ինձ Հայաստանի վարչապետ ընտրել է ՀՀ ժողովուրդը: Սա է իրողությունը: Հետևաբար Աժ-ում տեղի ունեցած որևէ իրողություն չի կարող կաշկանդել որևէ կերպ»: