Արցախի միջազգային ճանաչումը կարող է դառնալ Հայաստանի ու Արցախի վերամիավորման ճանապարհներից մեկը` Ստեփանակերտում ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Երբ Արցախի Հանրապետությունը կլինի միջազգայնորեն ճանաչված պետություն, Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունն իրենց ժողովուրդների արտահայտած կամքով կարտահայտեն իրենց դիրքորոշումը հետագա ճակատագրի վերաբերյալ», - նշեց Փաշինյանը:
Արցախի լրատվամիջոցներից մեկը հետաքրրքվեց, թե ինչո՞ւ է վարչապետի պաշտոնում առաջին այցը կատարել Արցախ և ոչ թե մի որևէ գերտերություն, Փաշինյանը ի պատասխան արձագանքեց ժպիտով. «Իսկ ինչո՞ւ է ձեզ թվում, որ Արցախը գերտերություն չէ»:
Հարցին, թե ի՞նչ է նշանակում և ինչպե՞ս է պատկերացնում ղարաբաղյան հիմնախնդրում փոխզիջումների մասը, Փաշինյանը պատասխանեց. «Քանի դեռ Ադրբեջանի կողմից մենք այս պահին չունենք հստակ ուղերձ, որ նրանք պատրաստ են ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ես այդ փոխզիջման հարցի քննարկումը համարում եմ անիմաստ: Քանի դեռ չկա այնտեղից ուղերձ, ես փոխզիջման մասին որևէ հայտարարություն համարում եմ անիմաստ»: