Չինաստանը հավատարիմ է մնում 2015-ին 6 գերտերությունների և Իրանի միջև կնքված միջուկային պայմանագրին ու շարունակելու է գնել Իրանի արդյունահանած նավթի մեկ երրորդը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հաղորդել է միջուկային պայմանագրից դուրս գալու և Իրանի նկատմամբ սահմանված ու պայմանագրով սառեցված պատժամիջոցները «նոր թափով վերականգնելու» մասին: Իսրայելը, Իրանի տարածաշրջանային ավանդական մրցակից Սաուդյան Արաբիան և մի շարք այլ երկրներ ողջունել են Թրամփի վճիռը, սակայն եվրոպական երկրները, Ռուսաստանը, Չինաստանը և միջազգային ասպարեզում մի շարք առանցքային այլ դերակատարներ քննադատել են Թրամփին և հայտարարել են, որ չեն հրաժարվի 2015-ի փաստաթղթից:
«Մենք ափսոսում ենք Վաշինգտոնի ընդունած որոշման կապակցությամբ», - ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Ժեն Շոանը, ավելացնելով, որ 2015-ի պայմանագիրը մեծ նշանակություն ունի միջուկային զենքի չտարածման համար:
Չինաստանի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Գոն Շաոշենը Թեհրանի պաշտոնյաներին հանդիպելուց հետո ասել է, որ 2015 թվականի պայմանագիրը շատ կարևոր փաստաթուղթ է: «Ավելի լավ է որևէ գործարք լինի, քան ընդհանրապես ոչինչ չլինի, երկխոսությունն առճակատումից գերադասելի է», - ասել է նա: