Ռուսաստանցիների կարծիքով՝ իրենց երկրի հետ ամենամոտ ու բարիդրացիական հարաբերությունները պահպանում են Բելառուսը, Չինաստանն ու Ղազախստանը, վատագույնը որակել են հարաբերություններն ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի հետ` ըստ «Հասարակական կարծիք» հիմնադրամի ուսումնասիրության տվյալներին։
Հարցմանը մասնակցած ռուսաստանցիների 59 տոկոսը վստահելի է համարում հարաբերությունները Բելառուսի հետ, 58 տոկոսը դրական է գնահատել Չինաստանի հետ հարաբերությունները։
Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող երկրների ցուցակում են Ղազախստանը (40 տոկոս), Թուրքիան (26 տոկոս), Հնդկաստանը (21 տոկոս), Կուբան (14 տոկոս), Իրանը (12 տոկոս), Ճապոնիան (11 տոկոս)։ Հարցվածների 10 տոկոսը վստահելի ու բարեկամական երկիր են համարել նաև Գերմանիան, Բրազիլիան, Վենեսուելան, Իսրայելը, Իտալիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ուկրաինան, Կանադան և ԱՄՆ-ն: 12 տոկոսը դժվարացել է պատասխանել տվյալ հարցին։ Վատագույն հարաբերություններ Ռուսաստանն ունի ԱՄՆ-ի հետ` ըստ 83 տոկոսի, 53 տոկոսը համոզված է, որ ամենավատ հարաբերությունները ՌԴ-ն այս պահին ունի Ուկրաինայի հետ։ Ցուցակում են նաև Մեծ Բրիտանիան (48 տոկոս), Ֆրանսիան (24 տոկոս), Գերմանիան (23 տոկոս), Կանադան (10 տոկոս), Իսրայելը (4 տոկոս), Իրանը (4 տոկոս), Թուրքիան (3 տոկոս), Ճապոնիան (2 տոկոս), Իտալիան (2 տոկոս)։
Հարցումները կատարվել են ապրիլի 28-29-ը, մասնակցել է 1500 մարդ՝ 53 շրջաններից: