ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ազնավուր. Շնորհակալ եմ հպարտության այս մեծ զգացումն ինձ պարգևելու համար

Ազնավուր. Շնորհակալ եմ հպարտության այս մեծ զգացումն ինձ պարգևելու համար
12.05.2018 | 10:13

«Հայաստանում գտնվող իմ շա՜տ սիրելի քույրեր և եղբայրներ, շնորհավորում եմ ձեզ, որ կարողացաք առանց արյան, բռնության, արժեքների ոտնահարման անցում ապահովել երկրում մեկ այլ իրողության»` գրել է Շառլ Ազնավուրը մեզ հղած իր բաց նամակում, որ հրապարակել է «Ազնավուր» հիմնադրամը:


«Քաղաքացիական անհնազանդության օրերին ևս դրսևորեցիք արժանապատիվ ու մարդասիրական կեցվածք՝ լուծում առաջարկելով ծագող խնդիրներին այնքան սահուն ու արագ, ասես դա դյուրին էր։ Սա զարմացրեց և մտածելու տեղիք տվեց շատ այլ երկրների կառավարություններին: Մեզ՝ սփյուռքի հայերիս, համար մեծ հպարտություն էր ցույց տալ աշխարհին, որ կա մի փոքր երկիր, որի քաղաքացիները բացառիկ իմաստնություն և մարդասիրություն դրսևորեցին՝ ապացուցելով, որ բռնությունը խաղաղության և փոխըմբռնման տանող ճանապարհ չի կարող լինել։ Մեր պատմության ընթացքում շատ դժվարություններ ենք ճանաչել։ Հիմա բացում ենք երջանկության, իմաստնության և սիրո էջը։ Ձեզ հաջողվեց ապացուցել, որ մեր ազգն ունի գիտակցության բարձր աստիճան, և որ մեր երկրի համար առաջնահերթ է ու միշտ էլ պետք է առաջնահերթ մնա ամենակարևորը՝ միավորումը։ Այս միավորումն է, որ թույլ է տալու ապահովել երկրի բարեկեցությունը և քաղաքացիների միջև բարյացակամ վերաբերմունքը։ Ձեզ հաջողվեց ապացուցել, որ հնարավոր է ապրել միավորված և պատասխանատվության բարձր զգացումով։ Մենք՝ հայերս, կարողացանք ցույց տալ, որ «ժողովուրդ», «հայրենիք», «դրոշ», «մշակույթ», «կրոն» և «ընտանիք» բառերը մեր արժեքներն են։ Եվ որ յուրաքանչյուր հայ իր երկրում ունի հավասար իրավունքներ ու ազատություններ», - ասված է բաց նամակում:


«Ես, հավանաբար, աշխարհի հայերից ամենաֆրանսիացին եմ, սակայն ես հպարտ եմ իմ Հայաստանով և երբեք չեմ թաքցրել դա։ Շնորհակալություն հայ ժողովրդին աշխարհին մեր մարդասիրությունը ցույց տալու համար․ Հայաստանը մեծ է իր արժեքներով։ Օրինակ լինենք բոլոր նրանց համար, ովքեր տարբեր են, գուցե նաև՝ ոչ այնքան բաց փոփոխությունների առջև։ Եկեք առաջ ընթանանք նույն ճանապարհով։ Վստահ եմ՝ այն լավագույնն է մեր ազգի և ժողովրդի ապագայի համար: Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ հպարտության այս մեծ զգացումն ինձ պարգևելու համար։ Կեցցե Հայաստանի Հանրապետությունը»` բաց նամակն ամփոփում է աշխարհահռչակ շանսոնիեն:

Դիտվել է՝ 1029

Մեկնաբանություններ