Հայաստանից պետք է ուղղակի արմատախիլ անել կոռուպցիան, և այս գործառույթների իրականացման մակարդակից է կախված լինելու Վալերի Օսիպյանի և Արթուր Վանեցյանի աշխատանքի գնահատականը` իր ֆեյսբուքյան էջում տեսաուղերձով հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա պարզաբանեց Օսիպյանի նշանակումը. «Հեղափոխությունից առաջ մենք՝ ես ու Վալերի Օսիպյանը, դուք և Վալերի Օսիպյանը, մենք և ոստիկանությունը գտնվում էինք փշալարերի տարբեր կողմերում՝ ֆիզիկապես, և ես մտածեցի, որ որոշումը պետք է սիմվոլիկ նշանակություն ունենա և պետք է մենք բոլորս այս որոշումից հետո նույն կողմում հայտնվենք։ Դա թերևս լավ սիմվոլ է, որ մենք այդ փշալարերի կուլտուրան փորձենք Հայաստանի Հանրապետությունից վերացնել։ Ես հույս ունեմ, որ պարոն Օսիպյանը կարդարացնի ՀՀ քաղաքացիների հույսերը, որովհետև այսօր ոստիկանությունից շատ բան է կախված, ոստիկանությունից կախված է իրավակարգը, ոստիկանությունից կախված է օրինականությունը, ոստիկանությունից կախված է քաղաքացու ինքնազգացողությունը, և ես շատ հստակ խնդիրներ եմ դրել, որ ՀՀ քաղաքացիները պետք է իրենց զգան վստահ, ՀՀ քաղաքացիները պետք է իրենց զգան պաշտպանված»։
Անդրադառնալով ԱԱԾ տնօրենի նշանակմանը, Փաշինյանը նշեց՝ ԱԱԾ առաջիկա խնդիրներից պետք է լինի՝ բացառել մաքսային ոլորտում որևէ կարգի չարաշահում։
«Մի կարևոր առանձնահատկություն, նախ՝ ԱԱԾ գործառույթները, ցավոք սրտի, երկար տարիներ խեղաթյուրված են եղել, և ինչպես մի փորձագետ շատ ճիշտ նկատեց, ԱԱԾ ավելի շատ ներքաղաքական խնդիրների մասնակից է եղել, քան թե անվտանգության ապահովմամբ է զբաղվել։ Բնականաբար, ԱԱԾ ընդհանուր գործառույթների մեջ ես չեմ ուզում հիմա մանրամասնել, բայց ես ուզում եմ շեշտել երկու խնդիր՝ ըստ էության այն գործառույթները, որ կապված են հակահետախուզության հետ, հետախուզության հետ, ԱԱԾ պետք է լիարժեք կատարի, որովհետև սա անվտանգության արտաքին կոմպոնենտն է, և ես ուզում եմ ևս մի այսպիսի նրբություն ընդգծել՝ գիտեք, որ ԱԱԾ է զբաղվում հիմնականում մաքսային գործառույթներով, այսինքն՝ մաքսանենգության հետ կապված հանցագործություններով, և ես կարծում եմ, որ ԱԱԾ առաջիկա խնդիրներից պետք է լինի ընդհանրապես բացառել մաքսային ոլորտում որևէ կարգի չարաշահում, և ընդհանրապես կարծում եմ, որ նաև ԱԱԾ պետք է շատ լրջագույն գործառույթներ իրականացնի կոռուպցիայի դեմ պայքարում, իհարկե սա վերաբերվում է նաև ոստիկանությանը», - ասաց Փաշինյանը։ Նա նշեց, որ պետք է արմատախիլ անեն կոռուպցիան։ «Մենք պետք է կոռուպցիան ուղղակի արմատախիլ անենք Հայաստանի Հանրապետությունից, և դա պետք է անենք շատ արագ, չափազանց արագ, և այս գործառույթների իրականացման մակարդակից է կախված լինելու Ոստիկանության պետի և ԱԱԾ տնօրենի աշխատանքի գնահատականը», - հայտարարեց Փաշինյանը։