Երեկ ուշ գիշերին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձի միջոցով անդրադարձավ ժամկետային զինծառայողների, հիգիենայի պարագաների ու հագուստի հետ կապված խնդիրներին՝ շեշտեց, որ պետությունը պարտավոր է ապահովել նրանց անհրաժեշտ բոլոր պարագաներով։
«Ես նախկինում խոսել եմ, որ ժամկետային զինծառայողների բազմաթիվ ծնողներ ստիպված են իրենց երեխաներին ուղարկել տարբեր հիգիենիկ պարագաներ, ներքնաշորեր, կոշիկներ և այլն, և այդպես շարունակ։ Ես այսօր առավոտյան այս հարցը շատ խիստ դրել եմ Զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչների առաջ, [ստացել եմ] հավաստիացում, որ կարող եմ այսօր հայտարարել պաշտոնապես հետևյալը՝ ժամկետային զինծառայողների մեր հարգելի, սիրելի ծնողներ, դուք առանց այն էլ շատ մեծ ծառայություն եք մատուցում հայրենիքին և մատուցել, երբ ձեր զավակներին ուղարկել եք Հայոց բանակ ծառայության, հետևաբար մեր պետությունը պարտավոր է ձեր զավակներին ապահովել անհրաժեշտ ամեն ինչով», - հայտարարեց Փաշինյանը։
Նա խնդրեց՝ սննդից բողոքների դեպքում ևս գրել իրեն, կամ դիմել վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին, որ այդ բոլոր հարցերով զբաղվեն։ «Իսկ ասվածի էությունը հետևյալն է՝ եթե նույնիսկ ձեր երեխաներն ասում են, որ իրենք չունեն, ես խնդրում եմ, որ ոչ թե գնալ, նեղություն քաշել, գնել և ուղարկել, ավելի լավ է այդ նույն նեղությունը քաշեք և դիմեք մամուլին, դիմեք վարչապետի աշխատակազմի ղեկավարին և դիմեք ինձ՝ գրեք նամակով, որևիցե ձևով ինձ տեղյակ պահեք, որ կոնկրետ էսինչ տեղում ահա այսպիսի խնդիր է առաջացել։ Հիմա արդեն ստացել եմ հավաստիացումներ, որ էդ խնդիրները կլուծվեն, և եթե հանկարծ պարզվի, որ այդ հավաստիացումից հետո էդ խնդիրները չեն լուծվել, ուրեմն դրան կհետևի խստագույն պատասխանատվություն՝ բոլոր այն պատասխանատուների, ովքեր պիտի լուծեին այդ խնդիրը և չեն լուծել», - ասաց Փաշինյանը։