Միլանի Վերահսկիչ դատարանը Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի վերականգնման որոշում է կայացրել, որը 2013-ին Իտալիայի Գերագույն վճռաբեկ դատարանի կողմից դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման՝ իրեն պատկանող Mediaset խմբի ֆինանսական մեքենայությունների գործով` հայտնում է Corriere della Sera-ն: Վերահսկիչ դատարանի որոշմամբ չեղարկվում են դատական մարմինների նախորդ որոշումները, որոնց համաձայն՝ 81-ամյա քաղաքական գործիչը դատավճռի հրապարակումից հետո 6 տարի չէր կարող պետական պաշտոններ զբաղեցնել, հետեւաբար՝ առաջադրվել ընտրություններում: Դատարանի որոշումը կարող է բողոքարկել Միլանի դատախազությունը, սակայն այն արդեն ուժի մեջ է համարվում:
Իտալիայի Գերագույն վճռաբեկ դատարանը 2013-ի օգոստոսի 1-ին հաստատել էր ավելի վաղ Բեռլուսկոնիի նկատմամբ Միլանի Վերաքննիչ դատարանի՝ Mediaset-ի գործով կայացրած վճիռը: Միլանի Վերահսկիչ դատարանի որոշումը նաեւ քաղաքական նշանակություն ունի` Բեռլուսկոնին ղեկավարում է «Առաջ, Իտալիա» ազդեցիկ կուսակցությունը: Իտալիայում մարտի 4-ին խորհրդարանական ընտրություններ են անցկացվել, որոնց ընթացքում ակնհայտ հաղթող չի եղել: Եթե կառավարությունը, այնուամենայնիվ, չձեւավորվի, բացառված չէ, որ առաջիկա ամիսներին երկրում անցկացվեն արտահերթ ընտրություններ: Այդ դեպքում Բեռլուսկոնին կկարողանա դրանց լիարժեք մասնակցել: