Եռաբլուրում այսօր Երկրապահի օրվա կապակցությամբ որոշ գործիչներ այցելել էին զոհվածների շիրիմներին (Երկրապահի օրը մայիսի 8-ին է), «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը անդրադարձավ նոր կառավարության կազմի ձևավորմանը: Նա նշեց, որ շատ դրական է վերաբերում, գերկարևոր, առաջնային կառույցների ղեկավարների նշանակումներին, քանի որ պատերազմող երկրի համար դրանք ուղղակի օրվա խնդիր են:
«Պաշտպանության նախարարությունում միայն բանիմաց մարդ պետք է լինի, և Դավիթ Տոնոյանի նշանակումը ողջունելի է, նա փորձառու է, բոլոր առումներով ընդունելի և ընկալելի մարդ, որ հրաշալի գիտի թե բանակը, թե բանակի առաջ դրված խնդիրները»,-ասաց նա և նշեց, որ միանշանակ կարծում է, որ ճիշտ ընտրություն էր և ամենակարևոր նշանակումն իր համար: Խոսելով ԱԱԾ պետի նշանակման մասին՝ նա ասաց, որ հեղափոխության արդյունքում փոփոխությունների գնացող երկրի համար դա ևս գերկարևոր է, և այստեղ էլ փորձառու մարդ է պետք: Նա նշեց, որ անձամբ չի ճանաչում նշանակված պետին, բայց մարդու աշխատանքային փորձը, գնդապետի կոչումը ամբողջությամբ բավարար է համարում: Ոստիկանապետի` իր ասելով ներքին գործերի պետի նշանակմանը ևս Արամ Սարգսյանը դրական է վերաբերվում. «Օսիպյանից ավելի շատ ներքին կյանքում «շան միս կերած» մարդ չգիտեմ, և այն կարծիքին եմ, որ այդ փորձառություն ու անցած ճանապարհը կանեն իրենց գործը: Հասկանում եմ ինձ հետ հանրահավաքների մասնակցած այն մարդկանց մոտեցումները, ովքեր բարիկադների այն կողմում են եղել, բայց պետք է ասեմ, որ մեր ժողովուրդը, 1700 տարվա քրիստոնյա լինելով, ուզում է ոստիկանին և քահանային նույնականացնել: Ես չգիտեմ որևէ այլ ոստիկան, որը երկար տարիներ աշխատած լինի ոստիկանությունում, ունենա գնդապետի կոչում ու ամեն առավոտ վեր կացած ու օրհնած լինի ժողովրդին, բարեմաղթանքներ արած լինի»,-ասաց նա:
Պատգամավորը մյուս նշանակումները ևս դրական համարեց: «Շատ երիտասարդ, եռանդով լի թիմ է, շատ կարևոր է եռանդը:, Միանշանակ, նախկինից շատ ավելի լավ է լինելու, այդ մարդկանց կրթական ցենզը հույս է ներշնչում, որ գործունեությանը շատ արագ կտիրապետեն և ամեն ինչ լավ կլինի»,-ասաց նա: Արամ Սարգսյանն անդրադարձավ բանակում ծառայած լինելու խնդրին և ասաց, որ բանակում ծառայելը շատ կարևոր է ցանկացած տղամարդու համար, բայց կան բազմաթիվ հարգելի հանգամանքներ: Օրինակ՝ մարդը չի ծառայել, երբ պետությունը կրթություն ստանալու տարկետում է տվել: «Այդ հանգամանքը արժանի հանգամանք է, և չի կարող խոչընդոտ հանդիսանալ, որ անձը բարձր պաշտոն զբաղեցնի»,-ասաց նա:
Ընդհանուր առմամբ, նա ասաց, որ փորձառության և արագ գործին տիրապետելու առումով նշանակումները շատ ճիշտ էին: «Սա այն դեպքն է, որ նշանակումները մեկին մեկ համընկնում են և իմ անձնական ցանկությանը»,-ասաց նա: Կադրերի փորձառության վերաբերյալ Արամ Սարգսյանն ասաց. «Եթե ես «Իմ քայլը» շարժման հետ լինեի, այդ հեղափոխությունը չէր լինի, որովհետև իմ փորձը կխանգարեր այդ հեղափոխությունը անելուն, էնպես որ, այդ առումով տղերքի բախտը բերել է, որ ես իրենց հետ չեմ եղել»: