Մոսկվան երբեք չի միջամտել և չի պատրաստվում միջամտել այլ պետությունների ներքին գործերին` հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովը: «ԵՄ-ն Ռուսաստանի կարևոր հարևան և առևտրատնտեսական գործընկեր է: Իհարկե, մենք հետևում ենք եվրոպական ինտեգրացիայի ապագայի մասին ԵՄ-ում և ԵՄ անդամ երկրներում ընթացող քննարկումներին: Միևնույն ժամանակ, մենք երբեք չենք միջամտել և չենք պատրաստվում միջամտել այլ պետությունների ներքին գործերին», - ասել է Լավրովը Russian Business Guide-Italian-Russian Chamber of Commerce ամսագրին հարցազրույցում: Նա ընդգծել է, որ Մոսկվան, ի տարբերություն «որոշ գործընկերների», երբեք չի արտահայտել եվրանախագծի ճակատագրի համար նշանակալի հանրաքվեների և ընտրարշավների արդյունքների վերաբերյալ կարծիքներ: «Աշխատում ենք և պատրաստ ենք շարունակել համագործակցել այն առաջնորդների հետ, որոնց օգտին կքվեարկեն իրենք՝ եվրոպացիները», - հավելել է նա: