Հայաստանում ԵՄ դեսպանը հավատացած է՝ երկրում ծանր քաղաքական ճգնաժամն իր լուծումը գտավ սահմանադրական, օրինական և խաղաղ ճանապարհներով, որ Հայաստանի Հանրապետության բնակչության և քաղաքական էլիտայի մեծագույն ձեռքբերումներից էր: «Այդ զարգացումները և իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանի երիտասարդությունը մեծ ներուժ ունի, և այդ ներուժը պետք է օգտագործել երկրի զարգացման համար», - ասաց ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին Վանաձորում:
«Նրանք ունեն բավականին մեծ ակնկալիքներ, նրանք ցանկանում են ապրել մի երկրում, որը ձերբազատված է կոռուպցիայից, մի երկրում, որը պատշաճ ու արդյունավետ կառավարվում է, մի երկրում, որն ունի անկախ, անկողմնակալ, արդար դատաիրավական համակարգ: Նրանք ցանկանում են ապրել մի երկրում, որտեղ տնտեսական գործունեությունը իրականացվում է հավասար իրավունքների տրամադրմամբ, որտեղ չկան արտոնյալներ, չկան գերակայող դիրքեր շուկայում»:
Սվիտալսկին վստահ է, որ երիտասարդները բավականին առողջ ակնկալիքներ ունեն, միևնույն ժամանակ՝ նա խորհուրդ է տալիս համբերատար լինել․«Պետք է համբերատար լինել, որովհետև նմանատիպ իրադարձություններից հետո, որ տեղի են ունեցել այլ երկրներում, ապացուցվել է, որ նման փոփոխություններ մեկ օրվա ընթացքում անել հնարավոր չէ: Համենայն դեպս, երիտասարդների դեմքերը փոխվել են, այսօր երիտասարդները ապագային նայում են հույսով: Իսկ մենք կօգնենք այդ հույսը հասցնել իրականության»:
Հարցին՝ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները կնպաստե՞ն ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացմանը, վիզաների ազատականացմանը, Պյոտր Սվիտալսկին պատասխանեց, թե համոզված է, որ իրենք ճիշտ ճանապարհին են, և գործընթացը դրական արդյունք է ունենալու: «Անցած շաբաթ Հայաստան էին ժամանել իմ գործընկերները ԵՄ-ից, օրակարգային հիմնական հարցը եղել է այցագրերի ազատականացման խնդիրը, բայց միաժամանակ եղել է այցագրերի դյուրացման գործընթացի իրականացում, Հայաստանի Հանրապետությունը հիմա այդ գործընթացում է գտնվում, և եթե ավարտի, դա լավ սկիզբ կդնի ազատականացման գործընթացը սկսելու համար», - հայտարարեց ԵՄ դեսպանը: