ԱՄՆ-ը և ԵՄ-ը լեգիտիմ չեն համարում Վենեսուելայում կայացած նախագահական ընտրությունները: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երեկ ևս 6 տարի ժամկետով վերընտրվեց երկրի ղեկավար: Ընտրությունների արդյունքները հրապարակել է Վենեսուելայի ԿԸՀ նախագահ Տիբիսա Լուչենան:
«Նիկոլաս Մադուրո Մորոսը վաստակել է 5 միլիոն 823728 քվե, Անրի Խոսե Ֆալկոն Ֆուենտեսը՝ 1 միլիոն 820552 քվե, Խավիեր Բերտուչի Կառերոն՝ 92542 քվե»,- հայտարարել է ԿԸՀ նախագահը: Նախկինում ավտոբոսի վարորդ, 55-ամյա Մադուրոն փոխարինել է վենեսուելական հեղափոխության առաջնորդ, 2013-ին քաղցկեղից մահացած Ուգո Չավեսին: Արևմուտքը կարող է նոր պատժամիջոցներով արձագանքել Մադուրոյի ընտրությանը, չնայած սոցիալիստների ղեկավարած Վենեսուելան առանց այդ էլ ծանրագույն տնտեսական ճգնաժամի մեջ է:
Ընտրություններին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների 46 տոկոսը: Ընդդիմության պնդմամբ՝ իրականում մասնակիցների թիվը 30 տոկոս է:
Ընդդիմությունը հայտարարել է, որ չի ճանաչի ահաբեկումների, խոսքի և հավաքների ազատության աղաղակող սահմանափակումների, վարչական լծակների կիրառման և ընտրակեղծիքների պայմաններում անցկացվող ընրտությունների արդյունքները: Խորհրդարանում մեծամասնություն ունի «Դեմոկրատական միասնության դաշինքը», որը, չնայած անվանը, Մադուրոյի ջանքերով գործնականում պառակտվել է: Դաշինքն իր երկու հիմնական թեկնածուներին արգելել էր առաջադրվել, ևս մի քանիսը հեռացել են հայրենիքից: Այս ընտրություններում երկրորդ արդյունքն ապահոված Անրի Ֆալկոնը ժամանակին սոցիալիստական կուսակցությունից էր, բայց 2010-ից անցել է ընդդիմության ճամբարը: «Շնորհակալ եմ ագրեսիան և ստերը դիմագրավելու համար, շնորհակալ եմ, որ ինձ՝ Վենեսուելայի Բոլիվարյան հանրապետության նախագահիս, միացաք 2019-25-ի համար, շնորհակալ եմ, Վենեսուելայի իմ սիրելի ժողովուրդ»,- հայտարարել է Մադուրոն: Ռուսաստանը միանգամայն լեգիտիմ է համարել Մադուրոյի վերընտրությունը: Չինաստանն էլ հայտարարել է, թե հարկ է հարգանքով վերաբերվել Վենեսուելայի ժողովրդի ընտրությանը: ԱՄՆ-ը և ԵՄ-ն, հարավամերիկյան 14 պետություններ դատապարտել են այդ ընտրությունները: «Կեղծ ընտրությունները ոչինչ չեն փոխի, մենք ուզում ենք, որ Վենեսուելայի ժողովուրդը ղեկավարի այդ երկիրը, որն այդքան շատ բան կարող է տալ ամբողջ աշխարհին»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն: