Թբիլիսին պատրաստ է Ռուսաստանից դեպի Վրաստան և Հայաստան տանող «առևտրային միջանցքների» բացմանը` հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն: Այդ նախագծի իրագործման դեպքում Հայաստանը Ռուսաստանին կապող ցամաքային ևս մեկ ճանապարհ կունենա: Մայիսի 24-ին այս հարցն Աբաշիձեն Պրահայում քննարկելու է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հետ: Հանդիպման ընթացքում, ինչպես նշել է վրաց դիվանագետը, կողմերը հատուկ աշխատանքային խմբերի ձևավորման մասին պայմանավորվածություն ձեռք կբերեն, որոնք զբաղվելու են «Մաքսային վարչարարության և ապրանքների մոնիտորինգի մասին» ռուս-վրացական համաձայնագրի իրագործմամբ:
Այդ պայմանագրի համաձայն՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով դեպի Վրաստան և Հայաստան տանող «առևտրային միջանցքներով» ապրանքների տեղափոխման մոնիտորինգով զբաղվելու է շվեյցարական SGS ընկերությունը:
Դիվանագիտական հարաբերությունները խզած Մոսկվան և Թբիլիսին այդ խնդրի շուրջ պայմանավորվածությունը ձեռք են բերել դեռևս 7 տարի առաջ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի իշխանության օրոք: Համաձայնագիրը Ռուսաստանին հնարավորություն է տվել մուտք գործել Առևտրի համաշխարհային կազմակերպություն, իսկ պաշտոնական Թբիլիսիին` հայտարարել, որ Վրաստանը, թեկուզև միջնորդավորված, վերականգնում է արտաքին սահմանների վերահսկողությունը: Կողմերն այդպիսով կարողանում էին շրջանցել Աբխազիայի և Հարավային Օսիայի իշխանությունների կողմից մաքսային ձևակերպումների իրականացման վիճահարույց հարցը: Պայմանագրի իրականացումը, սակայն, տարիներ շարունակ տեղի չի ունեցել և ձգձգվել է, քանի որ կողմերը չէին կարողանում համաձայնության գալ առևտրաշրջանառության գործընթացում Աբխազիայի և Հարավային Օսիայի մասնակցության շուրջ:
Սուխումին և Ցխինվալը բազմիցս սպառնացել են արգելել բեռների տեղաշարժը միջանցքներով, եթե իրենք պայմանագրի լիիրավ մաս չկազմեն, մինչդեռ Թբիլիսին կտրականապես բացառում էր այդ տարբերակը: Վրացական իշխանությունները մտավախություն ունեին, որ մաքսային գործառույթների հանձնումը Ցխինվալիին և Սուխումիին կարող է դիտվել որպես ինքնահռչակ հանրապետությունների յուրատեսակ լեգիտիմացում: Թե ինչպես են Մոսկվան ու Թբիլիսին ի վերջո համաձայնության եկել առևտրային միջանցքների բացման խնդրահարույց հարցի շուրջ, վրաց դիվանագետը չի հստակեցրել:
Առևտրային միջանցքների բացվելու պարագայում Հայաստանն իր խոշորագույն արտահանման շուկաներից մեկը համարվող Ռուսաստանի հետ կունենա ևս մեկ ցամաքային ճանապարհ: Ներկայումս Վերին Լարսը Հայաստանից Ռուսաստան տանող միակ ցամաքային ուղին է, որը պարբերաբար կաթվածահար է լինում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: