Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննակվել է Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը: Վարչապետը կարևորել է գագաթաժողովի բարձր մակարդակով կազմակերպումն ու անցկացումը:
«Այն իր ծավալով աննախադեպ միջոցառում է երրորդ հանրապետության պատմության մեջ: Մենք պետք է անենք ամեն ինչ, որ այդ իրադարձությունը լինի պատմական ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության համար», - նշել է Փաշինյանը: Պատասխանատուները զեկուցել են, որ գագաթաժողովին կմասնակցեն հինգ տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, նախատեսվում է նաև Ֆրանկոֆոնիայի գործընկեր կառույցների պատվիրակությունների մասնակցությունը։ Ակնկալվում է հարյուրից ավելի պատվիրակությունների ժամանում, ընդհանուր հյուրերի քանակը կազմելու է մինչև 5000 մարդ: Երկօրյա գագաթնաժողովի մեկնարկից երեք օր առաջ կայանալու է ԱԳ նախարարների համաժողովը, որին կնախորդի մշտական խորհրդի նիստը: Միջոցառման շրջանակում կազմակերպվելու է տնտեսական գործարար ֆորում՝ ֆրանկոֆոն երկրների ընկերությունների և ձեռնարկությունների լայն ներկայացվածությամբ: Ձևավորվելու է ֆրանկոֆոն ավան, տեղի է ունենալու գալա համերգ, պաշտոնական պատվիրակությունների պատվին տրվելու է պետական ընթրիք: Արդեն իսկ հաստատվել են գագաթաժողովի լոգոն, կարգախոսը՝ «Ապրել միասին», մշակվելու է հատուկ վեբ-կայք: Խորհրդակցության ընթացքում վարչապետին զեկուցվել է ենթակառուցվածքների ապահովման և տեխնիկական մի շարք այլ խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գագաթաժողովի կազմակերպման հետ կապված խորհրդակցությունները կրելու են պարբերական բնույթ՝ հնարավոր բոլոր խնդիրներին ժամանակին արձագանքելու և արագ լուծումներ գտնելու նպատակով: